top of page

Քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, բայց խախտում արեց՝ ՀՀ ճանապարհներով չպետք է մեքենա վարի․ վարչապետ

Կառավարությունն այսօրվա՝ տարվերջյան նիստի ժամանակ քննարկվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը։



ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի ներկայացմամբ՝ այս փոփոխությունները սահմանվում են՝ հաշվի առնվելով գործընթացների թվայնացումը և փաստաթղթերի կրճատումը։


«Նախատեսվում է քաղաքացիների համար պահպանել թվայնացման հնարավորությունները։ Մասնավորապես՝ առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերում ինտերնետային կայքում դիմում է իր նշված էլեկտրոնային փոստին վարչական ակտը ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը դա ուղարկում է, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարի 5 տոկոսի չափով պակաս։

Բացի դա՝ փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման միջոց, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության կողմից արձանագրված խախտումներին, եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է սահմանված 5 տոկոս առավելությունից»։

Ըստ նախարարի՝ փոփոխությունը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վրա, միաժամանակ նվազեցնելու համար նաև ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը․ «Նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Նախագծի փաթեթով սահմանվել է ևս մեկ կարգավորում․, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն է, ինչ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ»։

Վարչապետը նկատեց՝ այս փոփոխության վերաբերյալ առավոտյան քննարկում է եղել առցանց ռեժիմով, և այս նախագծում որոշ փոփոխությունների կարիք կա։

«Կարծում եմ՝ դիմումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում՝ ևս 30 տոկոս։ Պետք է օրենքում անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցեն, և պետական բոլոր մարմինների ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով։ Այս փոփոխությունները պետք է անպայման անել։ Եթե խրախուսվող նորմերը չդնենք, ապա թվայնացումը ավելի դանդաղ կգնա»։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց՝ զեղչված տոկոսների համար 30 տոկոսը լավ գաղափար է, սակայն կախված խախտման չափից, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տարբեր պատասխանատվություններ են առաջացնում․ «Օրինակ՝ բարձր արագությամբ երթևեկելը․ մարդը եթե իմանա, որ միայն թվային համակարգում գրանցված լինելու դեպքում կարող է 30 տոկոս նվազեցում ունենալ, մեր նպատակը չի ծառայի»։

Այս համատեքստում Կառավարության ղեկավարը ընդգծեց․  «Նախկինում ի՞նչ համակարգ ունեինք. մարդիկ կարող էին մինչև 500 հազար դրամ տուգանվել (մենք իմիջիայլոց, իջեցրինք տուգանքները), և համակարգն ասում էր՝ խնդիր չունես, կարող ես 100 քշել, 300, 400, փողդ վճարիր, շարունակի նույն ձևով վարել։ Եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե հնարավորություն ունի, գրպանը ներում է, ինչքան ուզի, խախտում անի։ Ինչ ուզում ես արա, վճարի, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր՝ խախտում արա, պետությանը եկամուտներ բեր, ու ոչ միայն պետությանը։ Հիշեցնեմ՝ հանրահայտ «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունը կար իր հայտնի կապերով, որը մենք ամբողջությամբ դարձրել ենք պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Հիմա մարդը չի կարող այդպես վարվել, որովհետև՝ 1,2,3, տուգանքի բալերը կկուտակվեն, ու ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից։ Իսկ եթե վարորդական իրավունքից զրկված վիճակում վարի մեքենան, քրեական պատասխանատվության կենթարկվի։ Վարչապետը նաև նկատեց՝ բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ են ստեղծում. «Ձեր ասածի մեջ ես մտավախություն չեմ տեսնում, եթե շարունակի տենց կզրկվի, խնայած միջոցներով էլ կգնա մեքենա վարել կսովորի։ Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չի, և երկրորդ՝ մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, ասում ենք՝ Հայաստանի ճանապարհներով չպետք է մեքենա վարես։ Եթե համարենք, որ ոմանք հաճույք են ստանում խախտում անելուց և արտոնյալ զգալուց, հիմա չի կարող այդպես անել։

Այդ բջջային հավելվածներով, երբ կա նկարահանելու հնարավորությունը, որ քաղաքացին էլ կարող է իր հերթին խախտում արձանագրել։ Ես ներբեռնել եմ այդ ծրագիրը, բայց չեմ հասցրել դեռ որևէ մեկի խախտումը արձանագրել և ուղարկել ՆԳՆ»։

Կառավարության ղեկավարը փոփոխությունը չդրեց քննարկման և խնդրեց փաթեթը նորից լրամշակել։ 

1/1905
bottom of page