Նիկոլ Փաշինյանի «կարդիոսիմուլյացիոն» որոշումը
Հայաստանի վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով տեղի է ունեցել կառավարության կազմի փոփոխություն: ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին փոխարինել է Մխիթար Հայրապետյանը: ԲՏԱ նախարարի փոփոխությունը սպասելի էր, իսկ երբ օրեր առաջ ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ քպ-ականները միահամուռ կերպով հարցակոխ արեցին ԲՏԱ նախարարին, պարզ դարձավ, որ որոշումը կայացված է եւ նախարարը դուրս է գրված, ու ինտրիգն այն էր, թե ով է նշանակվելու նրա փոխարեն: ԲՏԱ նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքի նախարար էր, դեկտեմբերի արտահերթ ընտրությունից հետո դարձավ պատգամավոր, իսկ հետո էլ նշանակվեց Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:
Հնարավոր է թերեւս եզրակացնել, որ տեղի ունեցածն այսպես ասած ներիշխանական փոփոխություն էր: Այն, որ այդպիսիք լինելու են, եւ դեռ կլինեն՝ խոսել էինք դեռեւս շաբաթներ առաջ, երբ քաղաքական ղեկավարության վարքագծից ակնառու էր, որ կան որոշակի նախընտրական սցենարների տրամադրություններ: Դրանք գործի կդրվեն, թե ոչ, բարդ է ասել, սակայն այն, որ իշխանությունը ունի առնվազն փոփոխությունների կարիք՝ գոնե որոշակի տպավորություններ ցրելու, տպավորություններ ստեղծելու, եւ ընդհանրապես ներիշխանական լճացում թույլ չտալու համար՝ քննարկել ենք: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը բավականին գորշ զանգված է որպես այդպիսին: Կա ընդգծված առաջատար լիդեր, եւ կա նրա ու մնացյալ թիմի միջեւ ահռելի տարածություն:
Չկան ներիշխանական բեվեռներ, որոնք կարող են լուծել էական հարցեր: Թվում է, թե Հայաստանում այդպես է եղել միշտ: Սակայն, դա միայն թվում է: Հայաստանում չի եղել այսպիսի իշխանություն, եղել է պայմանավորվածությունների համակարգ մի շարք տնտեսա-քաղաքական խմբերի միջեւ, իսկ նախագահները եղել են այդ պայմանավորվածությունների «արբիտրները»՝ «մասնակից արբիտրները»: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդպիսին չէ, այն ոչ թե պայմանավորվածությունների, այլ հպատակությունների համակարգ է:
Ընդ որում, իշխող ուժի համար թերեւս տեղին կլիներ ՀՊ հապավումը՝ հպատակային պայմանագիր, քանի որ քաղաքացիական շատ քիչ բան կա այսօր կառավարող ուժի կառուցվածքում եւ արժեքային-վարքագծային դրվածքում: Այդ պայմաններում, անկախ ընտրական սցենարի գործարքումից, Նիկոլ Փաշինյանը թերեւս ունի ժամանակ առ ժամանակ «ալիք» անելու անհրաժեշտություն, լճացում, ծանրացում ու ճահճացում թույլ չտալու, նաեւ ներիշխանական միջավայրում այսպես ասած «կարդիոսիմուլյացիայի» էֆեկտ ստանալու համար: Ինչպիսին կլինի դրանից ստացվող կառավարման էֆեկտը, շարունակում է լինել մեծ հարց: