Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ վճարել 150000 դրամ պետական տուրքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր չի համարել, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ վճարել 150000 դրամ պետական տուրքը։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի։ Ավինյանը հայցադիմումին կից չի վճարել 150000 ՀՀ դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է և հայցին կից ներկայացրել է նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը։
«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,- նշված է Ավինյանի միջնորդության մեջ, որը դատարանը հիմնավոր չի համարել՝ արձանագրելով, որ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Ավինյանը հայցը ներկայացրել է լրատվամիջոցի՝ նոյեմբերի 13-ի հետաքննության առնչությամբ։