Հայտնի է Windows-ի թարմացման օպտիմալ ժամանակը
Սովորական դեպքերում Microsoft-ի օպերացիոն համակարգի թարմացումը տեւում է 1-6 ժամ, տեղեկացնում է Computerworld-ը:
Լրագրողները վկայակոչում են Microsoft-ի մասնագետ Դեւիդ Հայերի զեկույցը, որը հայտարարել է, որ համակարգը թարմացնելու համար Windows-ին մինչեւ 8 ժամ է անհրաժեշտ։ Ավելի ուշ Հայերը ուղղել է իր գրառումը՝ համակարգը թարմացնելու համար ավելի ճշգրիտ ժամանակ նշելով: Նրա խոսքով, ութ ժամը միջին չափ է, որը հաշվարկվում է վիճակագրության հիման վրա, սակայն ամենից հաճախ բազմաթիվ թարմացումներ կատարվում են մեկ ժամից էլ քիչ ժամանակում։
«Թարմացման գործընթացի որոշ հատվածներ կարող են վերսկսվել այնտեղից, որտեղ դադարեցվել են, օրինակ՝ ծրագրային ապահովման ներբեռնումները: Մյուսները պետք է ամենասկզբից վերագործարկել, եթե սարքն անջատվի»,- ասել է Հայերը: Մասնագետն ընդգծել է, որ վիճակագրության վրա ազդում են անհատական համակարգիչները, որոնք ինտերնետին օրական մեկ րոպեից քիչ ժամանակով են միացվում։ Այսպիսով, Windows-ի թարմացման օպտիմալ ժամանակը 1-6 ժամ է:
Դեւիդ Հայերի զեկույցում նշվում է, որ Windows 11-ի թարմացումները 40 տոկոսով ավելի փոքր են, քան Windows 10-ինը: Սակայն թարմացումների համար ժամանակ ամեն դեպքում պետք է հատկացնել, դրա համար մասնագետը խորհուրդ է տվել համակարգիչը ցանցին միացրած թողնել: