top of page

Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը տեղի կունենա հունվարի 27-ին:

Նախապատրաստական ​​դատական ​​նիստը սկսվել էր հունվարի 17-ին։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

1/1926
bottom of page