Ես չեմ ասել շարժումը մարել է, գնացեք Հովիկ Աղազարյանից հարցրեք․ իշխանական պատգամավոր

Գազալցակայանի պայթյունից, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ հեծանվավազք կազմակերպելը որոշված է եղել 2 օր շուտ ու մարդիկ պատրաստված են եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գազալցակայանի պայթյունի հաջորդ առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հեծանվավազքին, ասաց իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Անդրառնալով ներքաղաքական իրավիճակին՝ իշխանական պատգամավորն ասաց․ «2 տարի հետո լինելու են հերթական խորհրդարանական ընտրությունները, Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, ժողովրդավար կերպով հաղթում է, դառնում է իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն»։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի շարժման մարելու հետ կապված հայտարարությունները, Ղահրամանյանն ասաց, որ ինքը նման բան չի հայտարարել։
«Ով ասել է, գնացեք իրենից հարցրեք, Հովիկ Աղազարյանից հարցրեք։ Ես առհասարակ չեմ հետևում հանրահավաքին, մամուլով գիտեմ, որ հանրահավաք կա, բայց ուղիղ եթերով չեմ հետևում։ Դա մարել չի, եթե 10 հոգի բողոքում է, դա արդեն մարել չի, բայց դա այն շարժումը չէ, որ կարող է բերել արտահերթ ընտրությունների։ Եթե մենք ձախողել ենք, դա կորոշի իշխանությունը և 2026-ին չենք լինի այլևս իշխանություն, ի՞նչն է բարդ», - նշեց նա։
Հարցին՝ հավատարի՞մ է Նիկոլ Փաշինյանին, պատգամավորն ասաց․ «Ես հավատարիմ եմ մեզ ու ժողովրդին։ Ինչո՞ւ եք ամեն անգամ ասում՝ նվիրվա՞ծ եք Փաշինյանին, մենք նվիրված ենք ժողովրդին և նրա ընտրությանը»։