2021-ին ներքին տուրիզմը հաղթել է, չնայած բավականին մեծ արտագնա հոսք ունեինք․ տուրիզմի մասնագետ
MediaHub.am-ը, ամփոփելով 2021թ-ին տուրիզմի ոլորտում առկա խնդիրները, զրուցել է տուրիզմի ոլորտի մասնագետ Դիանա Մնացականյանի հետ։
Ինչպիսի՞ն էր տարին տուրիզմի ոլորտի համար։
-Եթե հաշվի առնենք կորոնավիրուսը և հետպատերազմյան վիճակը, կարելի է ասել՝ վատ չէր, սպասվածից նույնիսկ շատ ավելի լավ էր: Մենք շահեցինք այս տարի, քանի որ ամբողջ աշխարհում դեռ փակ սահմաններ կային, իսկ Հայաստանի սահմանները բաց էին, ավելին՝ գարնանը նույնիսկ համարվեց կանաչ գոտի: Անցյալ եռամսյակի տվյալներով ունեցել ենք մոտ 350-400.000 զբոսաշրջիկ, ճիշտ է՝ հիմնական հոսքը ապահովել է Ռուսաստանը, բայց միևնույն է, ունենք արդյունք: Տուրիստական ընկերությունները մասնակցեցին դրսում կայանալիք տուրիստական մի քանի էքսպոների, նաև Հայաստան այցելեցին որոշ բլոգերներ և նկարահանվեցին Հայաստանի մասին հաղորդումներ:
Ներքի՞ն, թե արտագնա տուրիզմն է այս տարի գրավիչ եղել Հայաստանում ապրողների համար։
-Կարծում եմ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ներքին Տուրիզմը հաղթել է, չնայած նրան, որ բավականին մեծ արտագնա հոսք ունեինք դեպի ԱՄԷ, Եգիպտոս, Մալդիվներ և այն երկրներ, որտեղ վիզայի խնդիր չկա, բայց միևնույն է, քաղաքացիներն անհամեմատ շատ օգտվում էին ներքին տուրերից, որը շատ ուրախալի է, քանզի նաև ներքին տուրիստական հոսքի արդյունքում կարող ենք ունենալ լավ որակ և բարձրակարգ ծառայություններ:
Կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները որքանո՞վ են հաղթահարվել։
-Պատերազմյան հետքը հաղթահարելը դեռ շատ բարդ է, ժամանակ է պետք, իսկ կորոնավիրուսի հետ կապված, եթե Օմիկրոնի պատճառով լոքդաուն չեղավ, ուրեմն մեծ հաշվով կարող ենք ասել, որ հաղթահարված է:
Ո՞ր ուղղություններն են գրավիչ հայերի համար տոներին։
Թերևս այնտեղ, որտեղ վիզայի խնդիր չկա։
Դեպի Արցախ և Սյունիք ուղղությունները որքանո՞վ են գրավիչ։
- Սյունիքը վերջին մի քանի տարին, հատկապես Տաթևի ճոպանուղու և Խնձորեսկի կամուրջի շնորհիվ արդեն իսկ գրավիչ էր, այն արդեն պարտադիր այցելվող տուրերի շարքում է, իսկ Արցախի մասով կասեմ, որ այն եղել է և կա, որպես գրավիչ ուղղություն, ուղղակի այս պահին շատ անելիք ունենք բոլորս, հատկապես՝ դիվանագետները, որպեսզի մենք կարողանանք առանց խոչընդոտների և վիզաների տուրեր կազմակերպել դեպի մեր բոլորի սիրելի Արցախ: