Այսօրվանից արգելվեց պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
Այսօրվանից տնտեսվարողները և գնորդները կհրաժարվեն պոլիէթիլենային տոպրակներից և պարկերից։ Հունվարի 1–ից ուժի մեջ է մտնում օրենքը, որով արգելվում է մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքը խանութներում, սուպերմարկետներում և առևտրի այլ կենտրոններում։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած այս փոփոխության նպատակը պլաստիկի օգտագործումից բնությանը հասցվող վնասը նվազեցնելն է։
Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում: Միջին հաշվարկով՝ մեկ տնային տնտեսությունն օրական 1-ից 2-ն է օգտագործում։ Մինչև 50 միկրոն հաստություն ունեցող ցելոֆանե տոպրակները բնության մեջ քայքայվում են 400-ից 500 տարում։
Օգտագործված տոպրակների մեծ մասը կուտակվում է օվկիանոսում, ցամաքում և մեծ վնաս հասցնում շրջակա միջավայրին և մարդու առողջությանը։ Կուտակված պլաստիկը տարեկան մոտ 100 հազար ծովային և ցամաքային կենդանու մահվան պատճառ է դառնում։ Ըստ հաշվարկների՝ եթե աշխարհը չպայքարի պլաստիկի դեմ, 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։
2019 թվականի սկզբից Եվրոպական միության երկրներում արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը խանութներին։ Արդեն 2021 թվականին Եվրամիության երկրները հրաժարվել են մեկանգամյա օգտագործման սպասքից։ Մինչև 2029 թվականը Եվրոպան նպատակ ունի հավաքել օգտագործված պլաստիկ շշերի 90%-ը վերամշակման նպատակով։