«Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայոց բանակի կազմավորման 30 ամյակին կլինի առաջնագծում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Այս խորհրդանշական օրը լինելու ենք տարբեր զորամասերում՝ հայտնելու մեր մշտական պատրաստակամությունը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ես և մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնելու ենք դիրքեր, լինելու ենք բավականին բարդ տեղամասերում, որը սահմանագծի նոր կահավորվող հատված է, նոր բնագիծ է, անկախ այն հանգամանքից՝ ինչ է եղել այս մեկ տարվա ընթացքում, դրանից առաջ և հիմա, այս պահին էլ մենք ունենք զինծառայողներ, որոնք, չնայած ծանր պայմաններին և այս որակի իշխանության, պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պաշտպանում հայրենիքի անվտանգությունը»,- ասաց Աբրահամյանը և հավելեց, որ իրենց գլխավոր ասելիքն այն է, որ նրանք մշտապես զինված ուժերի կողքին են և մշտապես սատարելու են զինծառայողներին։
Հարցին՝ որքանով է նորմալ գործող իշխանության կողմից ՀՀ երրորդ հանրապետության բանակի կազմավորման 30 ամյակի միջոցառումների հետաձգելը, Աբրահամյանն ընդգծեց․
«Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմնավորումներով են չեղարկվել 30 ամյակի միջոցառումները, կարծում եմ, դրանք որևէ կերպ տրամաբանական չեն, իհարկե, հետպատերազմյան իրավիճակում և՛ տոնական, և՛ խորհրդանշական միջոցառումները լրիվ այլ տրամաբանության ներքո պետք է անցնեին։ Դրանք քեֆ-ուրախության միջոցառումներ չէին, այլ ամփոփման, մեր հայրենիքի համար իրենց կյանքը տված, ինչպես նաև՝ այս պահին ծառայություն իրականացնող մարդկանց երախտագիտություն հայտնելու համար պետք է միջոցառումներ կազմակերպվեին, նրանց ևս մեկ անգամ արժևորելու առիթով։ Այս տեսանկյունից, իհարկե, տարօրինակ էր միջոցառումների չեղարկումը»։
Մերի Գևորգյան