top of page

Մասնագիտությունները, որոնք շուտով կարող են անհետանալ


Շվեդիայի աշխատաշուկայի և կրթության քաղաքականության գնահատմամբ զբաղվող ինստիտուտը հետազոտություն է անցկացրել և առանձնացրել մի քանի տասնյակ մասնագիտություններ, որոնք շուտով կփոխարինվեն արհեստական բանականությամբ:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ինստիտուտի հրապարակման մեջ նշվում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիան աստիճանաբար սկսում է ավելի ու ավելի շատ գործառույթներ իրականացնել, ինչն ապագայում կհանգեցնի հասարակության շերտավորմանը՝ ըստ աշխատավարձի մակարդակի և գործունեության տարատեսակ ոլորտների:


Հատկանշական է, որ տեխնոլոգիան կարող է փոխարինել ոչ միայն չորակավորված անձնակազմին, այլև որոշ բժիշկների, ինչպես օրինակ ռենտգենոլոգների»,- ասել է Դանդերյուդի հիվանդանոցի օրթոպեդ Մաքս Գորդոնը: Արհեստական բանականությունն արդեն այսօր որոշել է տարբերակել տարատեսակ կոտրվածքները: Իսկ ապագայում կարող է բուժում խորհուրդ տալ:


«Արհեստական բանականությունը կարող է այդ աշխատանքը կատարել ակնթարթորեն, ինչը թույլ կտա կրճատել աշխատատեղերի քանակը այն ոլորտում, որտեղ մենք այժմ անձնակազմի դեֆիցիտ ունենք»,- ասել է մասնագետը:


Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը կարելի է ներդնել նաև այլ ոլորտներում, ինչպես օրինակ՝ շտապ օգնությունն ու գինեկոլոգիան: Հնարավոր կլինի լրացնել նաև բուժքույրերի պակասը:


Բացի այդ, արհեստական բանականությունը մարդուն կարող է փոխարինել մի քանի տասնյակ մասնագիտություններում: Խոսքը այնպիսի մասնագետների մասին է, որոնցից են հաշվապահը, ֆոտոմոդելները, օպերատորները տպագրության, քիմիական և մետաղագործության, փայտամշակման ոլորտում, գանձապահները և վաճառողները, հավաքարարները, մեքենավարները, զոդողները, շինարարները, գործակալները, վարորդները, անտառապահները և փոստատարները:

bottom of page