top of page

«Մանկական Եվրատեսիլում» Մալենան առաջատարն է. 3,5 միլիոն դիտում


«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։ Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և հանդիսանում է բացարձակ առաջատար։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն է: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմի մասին։ Բեմում երգչուհին հանդես է գալիս պարախմբի հետ։ Մրցույթի ևս մեկ ֆավորիտ է համարվում Ռուսաստանը ներկայացնող մասնակից Տատյանա Մեժենցևան: Նա հանդես կգա «Mon ami» (Իմ ընկեր) երգով, որը կկատարի միանգամից երեք լեզվով ՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Նա Ռուսաստանը ներկայացրել է նաև 2019 թվականին և զբաղեցրել 13-րդ տեղը։ Երգչուհու հետ բեմում կլինեն նաև պարողներ։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի ավելի քան 2.1 մլն դիտում։ Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ճանապարհին մրսելու պատճառով Մեժենցևան ձայնի հետ կապված խնդիրներ ունի։ Առաջատարների եռյակում է նաև լեհ երգչուհի Սառա Ջեյմսը, որը կերգի «Somebody» երգը։ Աղջիկը ելույթ կունենա անգլերեն լեզվով, նրան կօգնեն պարողները։ Սառան առաջին անգամ է մասնակցում մրցույթին, սակայն բավականին հայտնի է իր հայրենիքում։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի 2.4 մլն դիտում։

«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում շարունակվում է առցանց քվեարկությունը: Այս պահին Լեհաստանը ներկայացնող մասնակիցն առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Մալենան է։ Ռուսաստանի մասնակիցը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը ։ Երրորդ տեղում ֆրանսիացի Enzo անունով երգիչն է, սակայն նրա տեսահոլովակի դիտումներն այնքան էլ շատ չեն՝ ընդամենը 350 հազար։ «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Փարիզում։ Մրցույթին մասնակցում են 19 երկրների ներկայացուցիչներ։ Եզրափակիչ փուլը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 19.00–ին, որը կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Իսկ մինչ այդ, 18.30–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կցուցադրվի «Մալենա. քամուն ընդառաջ» փաստավավերագրական ֆիլմը։

1/1885
bottom of page