Եթե շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, անհաջողության է մատնվելու․ Լևոն Զուրաբյան

Այս բողոքը հասունացել է հայ ժողովրդի մեջ, այլ հարց է, թե բողոքի ալիքը ճիշտ կտանեն, թե սխալ, դա վճռվելու է այս օրերին։
Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալերը շատ մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա նախաձեռնողներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից։ Միայն իշխանափոխության պահանջը չէ, ճիշտ ուղերձ է նաև այն, թե ինչի համար ես քննադատում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ-որ մեկը կարող է գա ասի՝ ուզում ենք Վիլսոնյան Հայաստանը վերականգնենք, եթե չես անում, քեզ քննադատում ենք, կամ այն ինչ արեց պառլամենտական ընդդիմությունը, երբ ասաց՝ եկեք 1993թ-ի ճակատային գծով անենք սահմանազատումը, ինչը հիմարություն է։
Եթե այդ տեսակետից պետք է սկսեն քննադատել Նիկոլ Փաշինյանին, դրանով միայն կուժեղացնեն նրան։ Իսկ, եթե խոսքը գնա նորմալ, ռեալ պահանջների մասին, օրինակ մերժել այս անգլուխ հատվածային սահմանազատումը, առաջարկել ամբողջական սահմանազատում, բայց չմերժելով սահմանազատման գաղափարը կամ Ադրբեջանի հետ հաշտության գնալու գաղափարը։ Եթե մոտեցումները այսպիսին լինեն, ժողովուրդ կհավաքվի»,- ասաց նա։
Զուրաբյանի խոսքով՝ շարժումը չպետք է ունենա արկածախնդրային օրակարգ, հակառակ պարագայում այն անհաջողության է մատնվելու։
«Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կարելի է հասնել արդյունքի, բայց չենք կարող ոչինչ երաշխավորել։ Հարցերը պետք է լուծել ընտրություններով, ուրիշ տարբերակ չկա։ ՀԱԿ-ը ունի շատ կոշտ քննադատություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը ու համերաշխ ենք բողոքի ալիքի հետ, բայց ամեն ինչ կախված է քաղաքական մեսիջներից։ ՀԱԿ-ի բառապաշարում միանալ բառ չկա, մենք կամ առաջնորդում ենք կամ հետևում ենք ու տալիս ենք գնահատական։
Եթե այս շարժումը հարթակ հանի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ընդունում, եթե հարթակը սխալ ձևավորվի, դա խնդիր է, և շարժումը անհաջողություններ կունենա»,- ընդգծեց Զուրաբյանը։
Նրա խոսքով առայժմ ձևավորված հարթակ ինքը չի տեսնում։