ԵԽ. Հայաստանում նախնական կալանքների ցուցանիշը շատ բարձր է

Այսօր Եվրոպայի խորհուրդը հրապարակել է իր ամենամյա վիճակագրությունը՝ Եվրոպայի բանտերի վիճակի ու դրանցում պահվող մարդկանց թվի վերաբերյալ։ Զեկույցումներկայացված է 48 երկրի՝ այդ թվում Հայաստանի վերաբերյալ վիճակագրություն։
Ընդհանուր առմամբ 48 երկրի բանտերում պահվում է 1,036,680 մարդ։ Ազատազրկվածների թվով առաջատար է Թուրքիան, այդ երկրի բանտերում պահվում է 348,265 մարդ, նրան հետևում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Ուկրաինան։
Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմել է 2357 մարդ։ Ինչպես հայտնում են Panorama.am-ին ԵԽ-ից, 2022 թվականի հունվարի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը մեկ միլիոն բնակչությունը գերազանցող երկրներում բանտարկության միջին մակարդակն աճել է 2,4%-ով: 100 հազար բնակչի հաշվով առավել շատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկը գլխավարում է Թուրքիան, դրան հետևում են Վրաստանն ու Ադրբեջանը, ապա՝ Մոլդովան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան, Ալբանիան և այլն։ Հայաստանն այս ցուցանիշով համարվում է քիչ բանտարկյալ ունեցող, 100 հազար բնակչի հաշվով բանտարկյալ է 79 մարդ։Սակայն նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 10.6 տոկոսով։ Առավել մեծ՝ 52.1 տոկոս աճ գրանցվել է Մոլդովայում, 25.5 տոկոս աճ՝ Հյուսիսային Մակեդոնիայում, 24.8 տոկոս՝ Կիպրոսում, 15 տոկոս՝ Թուրքիայում, 12.5 տոկոս՝ Ադրբեջանում։Բանտերի գերբնակեցում առկա է Կիպրոսում, Ռումինիայում, Ֆրանսիայում Բելգիայում, Հունգարիայում, Սլովենիայում, երբ 100 մարդու համար նախատեսված խցերում պահվում է մինչև 107 մարդ։
Հայաստանում բանտարկյալների միջին տարիքի մասին զեկույցում տեղեկություններ չկան։ Ինչ վերաբերում է գենդերային կառուցվածքին, ապա Հայաստանը դասվում է այն երկրների շարքը, որտեղ կին դատապարտյալները փոքր թիվ են կազմում։ Հայաստանում կա 61 կին դատապարտյալ, որը կազմում է ընդհանուրի 2.6 տոկոսը։ Հայաստանում 177 բանտարկյալ օտարերկրացի է, որը կազմում է ընդհանուրի 6.2%-ը:
ԵԽ զեկույցում առանձին անդրադարձ կա նախնական կալանքին. Այս առումով առավել բարձր ցուցանիշներ ունեն Ալբանիան (55%), Հայաստանը (53%), Լյուքսեմբուրգը (49%), Շվեյցարիան (46%), Նիդեռլանդները (45%) , Մոնտենեգրո (42%) և Հյուսիսային Իռլանդիա (41%)։2023 թվականի հունվարի 31-ին, միջին հաշվով, եվրոպական բանտերում բանտարկյալների գրեթե մեկ երրորդը գտնվում էր նախնական կալանքի տակ։ Ավելի քան 500,000 բնակիչ ունեցող երկրներում նախնական կալանավորվածների ամենաբարձր համամասնությամբ բանտերն են եղել։