top of page

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՈՐԵԼ ԵՆ ՍԵՐԸ, ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺՊԻՏԸ. «Հրապարակ»

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Feb 7
  • 3 min read

Ավելի քան 101 հայտնի անձ դեմ է տրանսպորտի թանկացմանը: Նրանք հայտարարություն են տարածել. 



«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումների հետևանքով սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել ՀՀ քաղաքացիների համար։ Կտրուկ աճել է գույքահարկը, կրկնակի բարձրացել է շրջանառության հարկի չափը, մինչև 300 դրամ թանկացնում են Երևանի քաղաքային տրանսպորտը, մայրաքաղաքում ավելացել է աղբահանության վճարը, չնայած դատարանի կայացրած վճռին՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները շարունակում են բարձր մնալ, մարդկանց ստիպում են եկամուտներ հայտարարագրել, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է և անընդունելի։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկ են և հասանելի չեն ՀՀ քաղաքացիներից շատերին, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Մենք՝ ներքոստորագրյալներս կոչ ենք անում միասնաբար պայքարել այս հակասոցիալական որոշումների դեմ։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է քաղաքային տրանսպորտին։ Պետք է փետրվարի 1–ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը՝ չգնելով թանկարժեք փաթեթները և չվճարելով ուղեվարձի վճարն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերանայվել թանկացման որոշումը»։ 


Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է երգիչ Արամոյի հետ:


- Արամո, Դուք միացել եք տրանսպորտի թանկացման դեմ հայտարարությանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իշխանությունները որոշել թանկացնել հանրային տրանսպորտը: Ասում են` բարեփոխումներ են անում:


- Ես շատ վատ եմ վերաբերվում տրանսպորտի թանկացմանը: Տրանսպորտը եղել է 100 դրամ և պետք է մնա 100 դրամ: Չի կարելի թանկացնել այսպես անհիմն: Ոչ մի բարեփոխում: Չի կարելի ժողովրդին նման վիճակի մեջ գցել: Ինչո՞ւ` 150: 50 դրամը մեր ժողովրդի համար այսօր մեծ գումար է: Հասարակ մարդու համար ահռելի ծախսեր են սրանք: Ճիշտը 100 դրամն է:


- Ինչո՞ւ են քաղաքացիների հետ այսպես վարվում: 2013 թվականին հենց իրենք էին թանկացման դեմ պայքարում:


- Առաջ պայքարում էին, հիմա էլ որոշել են այսպես վարվել: Այդ հարցը ուղիղ պետք է իրենց տալ: Դա իրենց քաղաքականությունն է: 50 դրամը քաղաքացիների կյանքում, այո, վիճակ է փոխում, չի կարելի: Եթե քաղաքացին օրվա ընթացքում մի քանի անգամ 50 դրամ ավել վճարում է, դա ահավոր է: Մարդիկ պետք է կարողանան նաև ապրել….


- Հայտարարությանը միացած 101 հայտնիների շարքերում չկան նրանք, ովքեր 2013-ին պայքարում էին տրանսպորտի սակագնի թանկացման դեմ: Ինչո՞ւ:


- Այդ հարցը իրենց պետք է ուղղել: Դժվար է իրենց փոխարեն ինչ-որ բան ասելը:


- Որպես երևանցի՝ ի՞նչ կասեք` ի՞նչն է փոխվել մայրաքաղաքում: Երբ շրջում եք քաղաքում, ի՞նչն է գրավում Ձեզ այսօր:


- 21-րդ դարում ամեն ինչ փոխվում է: Կան նորամուծություններ, մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ` համաձայն չեմ, ես սիրում եմ դասական վիճակներ, բայց ամենատեսանելին այն է, որ մեր քաղաքում սերն ու մարդկությունը կորել են: Կորել է նաև մարդկանց դեմքի ժպիտը: Երևանն այն քաղաքն էր, որ առավոտյան արթնանալուն պես ծանոթ ու անծանոթ բարևում էին իրար, լավ օր մաղթում, իսկ երեկոյան` ծանոթ-անծանոթ իրար բարի երեկո էին մաղթում: Այժմ չկա նման բան: Ամեն ինչ անցյալում է մնացել:


- Ինչո՞վ է պայմանավորված դա:


- Դա արդեն մարդկային հոգեբանության և կուլտուրայի հետ է կապված: Ամեն մեկին հիմա այդ կուլտուրան տրված չէ:


- Իսկ Երևանի խտությունը, ամենուր շենքեր կառուցելը ճնշող չէ՞:


- Դե շենքեր կառուցում են, շատերն արդեն կառուցվել են, չենք կարող քանդել, բայց գոնե պետք է պահպանել եղած հին շենքերը, ինչպես Թբիլիսիում է:


- Պապլավոկում հիմա ջազի փոխարեն ռաբիզ երաժշտություն է հնչում: Երևանի սրճարաններից մուղամի ձայներ են գալիս: Երևանցիների ճաշակը փոխվե՞լ է այդքան:


- Անկեղծ ասած՝ 20 տարի է՝ Պապլավոկ չեմ գնում: Մալխասը, որ այնտեղ էր` գնում էի, հիմա չեմ գնում….  զարմանալի չէ, որ ռաբիզ է հնչում, ամեն մարդ իր ճաշակն ունի, միացրեք հեռուստատեսություն, տեսեք` ինչեր են ցուցադրվում: Մարդկանց ճաշակն է դա, չենք կարող բոլորին ստիպել Շոպեն լսել, կամ Էլվինա Մակարյան: Ազատ դաշտ է դարձել, ֆինանսը տալիս են, ինչ ուզում, երգում են: Հայաստանում կա և լավ, և վատ երաժշտության սպառող: Չեմ կարող ասել, թե ինչու է վատը շատացել: Պետք է լավ երաժշտություն պրոպագանդել, որպեսզի մարդիկ տարբերեն լավը վատից: Շատ համերգներ պետք է տալ, որ մասսան գոնե այդպես կրթվի: Ես և Էմմա Պետրոսյանը հին ու նոր երգերով հանդես կգանք փետրվարի 9-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:



1/2063
bottom of page