top of page

Նախարարությունը ԲԿ-ներին տասնյակ միլիոնների պետպատվերի գումար է պարտք, որը չի տալիս, չգիտեն էլ՝ երբ կտա

Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոններին տասնյակ միլիոնների գումարներ է պարտք, որոնք անցյալ տարվանից չի վճարել ու հայտնի էլ չէ՝ երբ է վճարելու։ Երեկ նախարար Անահիտ Ավանեսյանը իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս թեմային, երկար-բարակ փորձեց բացատրել, թե ինչու են պարտք, հետո արդարացավ, թե դա պարտք չէ, որովհետև «իրենք ֆինանսավորումը չեն էլ ավարտել, որ խոսեն պարտքի մասին», այսինքն՝ դեռ կվճարեն այդ պարտքը, ու հընթացս հիշեցրեց, որ որևէ բան անսահման չէ, այդ թվում՝ պետբյուջեի միջոցները։ 

Կարճ ասած՝ նախարարը անհաջող «կռուտիտների» շարան ներկայացրեց՝ նշելով, թե իրենք դեկտեմբերի 15-ով փակել են տարին, բայց, արի ու տես, ԲԿ-ներին հասանելիք գումարները լրիվ չեն վճարել, հատկապես, որ դրանից հետո ևս երկու շաբաթ էլի ԲԿ-ները պետպատվերով ծառայություններ են մատուցել։ Նախարարը դա ընդունեց ու փորձեց բացատրել, թե ինչու չեն վճարել․ «Դեկտեմբերի 17-18-ին, երբ որ ամփոփել ենք, տեսել ենք, որ միջին ցուցանիշից հավելյալ ծառայություններ ենք մատուցել, ինչը նորմալ է, բայց դեռ ուսումնասիրության շրջանակներում է։ Երբ որ մենք վստահ կլինենք, որ այդ հավելյալ միջին ցուցանիշից ավել արված ծառայությունները հավաստի են, մատուցված են, ուրեմն դա, ըստ հաջորդիվ ֆինանսավորման կիրականացվի»։

Փաստացի, նախարար Ավանեսյանը չթաքցրեց, որ իրենք պարտք են մնացել ԲԿ-ներին, իսկ թե ինչու չեն վճարել այդ պարտքերը, որ ԲԿ-ները կարողանան լիարժեք ծառայություններ մատուցել, այդպես էլ չհասկացանք։ Մեզ ասացին՝ նախարարությունից այս ամբողջ բեռը թողել են հիվանդանոցների վրա, հատկապես խոշորների մասով ուղիղ հասկացրել են, որ փող չունեն տալու՝ դուք միջոցներ ունեք, ձեր հաշվին արեք ինչ պետք է, մինչև կառավարությունը կա՛մ կփոխհատուցի, կա՛մ՝ ոչ։ Մինչդեռ, մեզ ասացին՝ չեն տվել, ու հույս էլ չունեն, որ կտան։

Ընդ որում, ասացին՝ այն հիվանդանոցները, որոնց տերերը խոշոր գործարարներ են և կարող են հարկային պարտավորությունների հետ կապված հարցեր ունենալ, կառավարությունից նաև թափանցիկ սպառնալիքներով են հասկացրել, որ «խելոք աշխատեք ձեր միջոցներով, եթե չեք ուզում հարկայինի հետ խնդիր ունենաք»։

MediaHub-ը հետաքրքրվեց մի շարք խոշոր ԲԿ-ներից և պարզեց, որ «Էրեբունի» հիվանդանոցին, օրինակ, նախարարությունը մոտ 300 մլն դրամ է պարտք, Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցին՝ 30 մլն, «Աստղիկ» ԲԿ-ին՝ մոտ 100 մլն ու այսպես շարունակ։ Մարզային ԲԿ-ներին ևս դեկտեմբերի 15-ից հետո որևէ գումար չեն վճարել, ու ամեն մեկին տարբեր չափով ֆինանսական պարտավորություն ունի կատարելու նախարարությունը։ Ի դեպ, նկատենք, որ որոշ բժշկական կենտրոններ խուսափում էին ուղիղ խոստովանել, որ իրենց գումարներ է պարտք նախարարությունը կամ չասել հստակ գումարի չափ՝ հավանաբար չցանկանալով լարել հարաբերությունները պետության հետ, և մենք ստիպված եղանք այլ խողովակներով ճշտել, որ պետությունն, իսկապես, պարտք է այդ ԲԿ-ներին։ 

Օրինակ՝ «Աստղիկ» ԲԿ-ից մամուլի պատասխանատու ներկայացած Լուսինե անունով մի աղջիկ, որն ակնհայտորեն իր տեղում չէր ու չգիտեր՝ որոնք են իր ֆունկցիաները, որոշեց, որ մենք «անիմաստ» հարց ենք տալիս, և դա դեռ իրենք պետք է որոշեն՝ ցանկություն ունե՞ն այդ հարցը բարձրաձայնել, առհասարակ, թե՞ ոչ։ Եվ սա այն դեպքում, երբ հարցի բարձրաձայնումը նախևառաջ հենց իրենց՝ բժշկական կենտրոնների շահերից է բխում։ 

Առողջապահության նախարարությունից էլ, չնայած նախարարի՝ երեկ տված բացատրություններին, այդուհանդերձ, նորից պարզաբանեցին, թե ինչու չեն վճարել պետպատվերների գումարները․ «Դեկտեմբեր ամսին 15 օրվա կատարողականը շուրջ 35 տոկոսով ավելին է եղել նախորդ ամիսների 15 օրյա միջին կատարողականից, ինչը նախատեղված չի եղել 2024 թվականի ընթացիկ բյուջեով: Ձեր նշած ժամանակահատվածում ունեցել ենք բժշկական ծառայությունների մատուցման աճ: Հավելենք, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ բժշկական բոլոր կազմակերպություններին փոխհատուցումները կատարված են: Շարունակվում են իրականացվել աշխատանքներ կատարողականները ճշգրտելու և փոխհատուցելու համար»։

Վահե Մակարյան

1/1918
bottom of page