Բայդենը հայտնել է, որ չի հրաժարվի Թրամփի հետ նոր բանավեճերից սեպտեմբերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվի նոր բանավեճերից գլխավոր մրցակցի՝ Դոնալդ Թրամփի հետ, բայց միայն սահմանված ժամկետում՝ սեպտեմբերին, առանց լրացուցիչ փուլի։
«Մենք էլի բանավեճեր կունենանք»,- երկուշաբթի ասել է ԱՄՆ նախագահը NBC հեռուստաընկերության հարցազրույցում։ Հարցին, թե կարող է արդյոք մինչեւ նախատեսված բանավեճերը տեղի ունենալ եւս մեկ փուլ, Բայդենը պատասխանել է. «Ես նրա հետ բանավեճերին կմասնակցեմ այն ժամանակ, երբ մենք պայմանավորվել ենք։ Մենք նրա հետ պայմանավորվել ենք դրանք անցկացնել սեպտեմբերին»։
Բայդենին նաեւ հարցրել են, թե արդյոք նա մտահոգություն ունի, որ գալիք բանավեճերը, ինչպես եւ նախորդները, իր համար խիստ անհաջող կլինեն։ «Ես չեմ նախատեսում նորից ելույթ ունենալ նույն մակարդակով»,- հավաստիացրել է ԱՄՆ նախագահը։ Հերթական ընտրություններն ԱՄՆ-ում կայանալու են նոյեմբերի 5-ին։