top of page

Ամոթ ֆինանսների նախարարին, ես իմ եկամուտը սիրով նվիրում եմ նրան

Արցախցիների բնակապահովման ծրագիրը շարունակում են քննարկել տարբեր խմբերում ու խավերում։ ՀՀ կառավարությունը չի խոստովանում, որ այդ ծրագիրը ձախողել է։ Դա է պատճառը, որ տեղահանված ու ՀՀ տարբեր բնակավայրերում հաստատված արցախցիների մեծամասնությունը դեռևս բնակարանի սերտիֆիկատ ստանալու գործընթաց չի նախաձեռնում։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ  անդրադարձավ այս ծրագրին, բացատրելով, որ ՀՀ կառավարությունը արցախցիներին ՀՀ պետական բյուջեից սոցիալական աջակցության, իր խոսքով,  «բավական լավ փաթեթ» է հատկացնում, այդ պատճառով արցախցիները չեն ցանկանում օգտվել բնակապահովման ծրագրից։

 «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար միջոցները նախատեսված են բյուջեում, այսինքն՝ հուսով ենք, որ պահուստային ֆոնդից հավելյալ գումար տալու կարիք չի լինելու։ Ծրագիրը հիմա էլ մեկնարկած է, ուղղակի, կարծում եմ, քանի որ մենք բավականին լավ փաթեթ ենք տրամադրում մարդկանց, ամենամսյա իրենց կարիքները հոգալու համար, մոտիվացիան մեծ չէ՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Եվ կարծում եմ, որ երբ այս աջակցությունն ավարտվի, որը նախանշված է մինչև մարտ ամիսը, այդ ժամանակ արդեն քաղաքացիներն ավելի ակտիվ կդիմեն այդ բնակարանները ձեռք բերելու համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։ 

Արցախցի Նանար Արզումանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նախարարի այս խոսույթը հերթական արշավն է արցախցիների դեմ և որ սրանով գեներացնում են այն միտքը, որ արցախցիներն ավելին են պահանջում կառավարությունից։


«Ես ամսական ստանում եմ 50  հազար դրամ, ավելացնում ևս 130 հազարը, որ բնակարանի վարձը մարեմ։ Սեփականատերերին վերահսկող չկա, շուկայական գին գոյություն չունի, ով ինչպես ուզում՝ այդպես էլ վարվում է, դրա համար բնակվարձերը մեզ տրամադրվում է աստղաբաշխական գներով, դա շատ լավ գիտեն բոլորը։ Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարի խոսքին, ի՞նչ ասեմ՝ ամոթ նրան։ Ես պետբյուջեից ինձ հատկացված իմ ամսական եկամուտը կարող եմ սիրով նվիրել իրեն։ Այդ 50 հազարը նույնիսկ չի հերիքի կոմունալ վճարներին»,-հավելեց Նանարը։

Հունան Թադևոսյան

1/1891
bottom of page