Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ․ բանջարեղենը թանկացել է 63,5 տոկոսով
- SMM Hub
- Nov 20, 2022
- 2 min read

Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ։ Ի հեճուկս կենտրոնական բանկի կանխատեսումների՝ սննդամթերքի աննախադեպ բարձր գնաճ է գրանցվել նաև նոյեմբերին, մասնավորապես՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գները աճել են՝ 13 տոկոսով, բրինձը՝ 14,1 տոկոսով, ալյուրը և այլ ձավարեղենը՝ 12,9 տոկոսով, հացը՝ 14 տոկոսով, մակարոնեղենը՝ 8,6 տոկոսով, միսը՝ 8 տոկոսոով, թռչնամիսը՝ 12,5 տոկոսով, պահածոյացված կաթը՝ 12,7 տոկոսով, պանիրը և կաթնաշոռը՝ 10,6 տոկոսով, ձուն՝ 26,2 տոկոսով, կարագը՝ 14,4 տոկոսով, շաքարավազը՝ 20,6 տոկոսով, բանջարեղենը՝ 63,5 տոկոսով, կարտոֆիլը՝ 77,4 տոկոսով, կաղամբը՝ 91,7 տոկոսով, կանաչ սոխը՝ 89,3 տոկոսով, լոլիկը՝ 52,3 տոկոսով, սմբուկը՝ 180,9 տոկոսով, գազարը՝ 86,4 տոկոսով, գլուխ սոխը՝ 56,7 տոկոսով և այլն։
27 տոկոս աղքատություն ունեցող երկրում խիստ մտահոգիչ է սննդամթերքի 11,3 տոկոս գնաճը։ Սա այն դեպքում, երբ 2021 թվականին նպաստներն և թոշակները չեն ավելացել, իսկ աշխատողների շուրջ 25 տոկոսը համարվում են աշխատող-աղքատներ, այսինքն՝ նրանց ստացած աշխատավարձը չի բավարարում իրենց ընտանիքների նվազագույն կարիքները հոգալու համար։Տեղին է հիշեցնել, որ նախորդ տարվա համեմատ միջին անվանական աշխատավարձն աճել է 6,7 տոկոսով, իսկ ապրանքների գները 7,1 տոկոսով, այսինքն՝ նույնիսկ աշխատանք ունեցողներն են շարունակում աղքատանալ։ Գրաֆիկից պարզ է դառնում, որ այս տարվա ընթացքում սննդամթերքի գները շարունակաբար աճել են, և կառավարության տնտեսական, կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունները չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները։

Սոցիալապես խոցելի ընտանիքներն իրենց եկամտի 70-80 տոկոսը ծախսում են միայն սննդամթերք գնելու համար, իսկ դրանց գները երկնիշ են արձանագրել։ Մարդիկ ձեռք չեն բերում այլ ապրանքներ և չեն ստանում ծառայություններ, որպեսզի ի վիճակի լինեն գնել միայն սննդամթերք։ Արդյունքում՝ աղքատությունն էլ ավելի է խորացնում։
Անշուշտ, սննդամթերքի գների աճ է գրանցվել ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանի պարագայում թանկացել են ոչ միայն ներկրվող, այլ նաև տեղում արտադրվող սննդամթերքի գները, ինչը վկայում է ներքին խնդիրների մասին։
2021 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունը, ծախսելով 45 մլրդ դրամ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար, գրանցել է գյուղատնտեսության ոլորտում 1,5 տոկոս անկում։ Այս ամենից ակնհայտ է, որ սննդամթերքի գների աճը պայմանավորված է նաև ներքին գործոններով, մասնավորապես՝ առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերի ցածր արդունավետությամբ, ոռոգման համակարգերի շինարարական ծրագրերի թերակատարմամբ, անվտանգային խնդիրներով և այլն։
Սննդամթերքի գների երկնիշ աճի պայմաններում նախատոնական առևտուրը դառնում է էլ ավելի ծախսատար, ինչը, անշուշտ, կրճատում է այս օրերին բնորոշ առևտրաշրջանառությունը՝ մեծ վնաս հասցնելով նաև բիզնեսին։
Արամ Աճեմյան