top of page

Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. սիրո տոնի առթիվ



Սիրո տոնի կապակցությամբ 168.am-ն իր կինոսեր ընթերցողի համար առանձնացրել է 5 ռոմանտիկ ֆիլմեր, որոնք կգնեն զգալ սիրո տրամադրությունը:


«Պարզապես միասին»

Սիրո հարցում ֆրանսիացիներն իսկական վարպետներ են. համբուրվելու և ռոմանտիկ ֆիլմեր նկարելու հարցում նրանց հավասարը չկա: Վաղ 2000-ականներին նկարահանված «Պարզապես միասին» կինոնկարը դրա վառ ապացույցն է: Հավաքարար Կամիլի (Օդրի Տոտու) և խոհարար Ֆրանկի (Գիյոմ Կանե) սիրավեպը, որը կարող եք դիտել Ձեր սիրելիի հետ, կստեղծի սիրո տոնին համապատասխան թեթև և մի փոքր գինոված տրամադրություն:


«Տեսարաններ ամուսնական կյանքից»

Դրամատիկ պատումների սիրահարները կգնահատեն 2021թ. «Տեսարաններ ամուսնական կյանքից» մինի-սերիալը, որը Ինգմար Բերգմանի համանուն ֆիլմի ռիմեյքն է: Մինի-սերիալի հերոսները ամուսիններ են, ովքեր ամուսնալուծվում են տասը տարվա ամուսնությունից հետո։ Սակայն ամուսնալուծությունը հերոսների զգացմունքները բորբոքում է նոր թափով:


«Արևածագից առաջ»

Ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի ռոմանտիկ դրաման կդիպչի Ձեր սրտի ամենանրբին լարերին: Երիտասարդ սիրահարներ Սելինի (Ժյուլի Դելփի) և Ջեսսիի (Իթան Հոուք) կյանքը պետք է փոխվեր գնացքում: Հերոսները, որոնք ճամփորդում էին յուրաքանչյուրը տարբեր պատճառով, սիրահարվում են և որոշում են ճամփորդելու ընթացքը շարունակել միասին: Կարճ, բայց սիրով և մտերմությամբ լի ժամանակահատված, որն ավարտվում է գնացքի առջև՝ կրկին հանդիպելու հստակ պայմանավորվածությամբ:


«Ավելի լավ չի լինում»

Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան սիրահարված տղամարդը: Թերևս միայն սիրահարված տղամարդը, ում ֆիլմում մարմնավորում է Ջեք Նիկոլսոնը: Ջեյմս Բրուքսի 1997թ. ռոմանտիկ տրագիկոմեդիան օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող Մելվինի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ում՝ աշխարհից կտրված կենսակերպը փոխում է սերը՝ ի դեմս հմայիչ մատուցողուհու՝ Քերոլի (Հելեն Հանթ):


«Տուտսի»

Սերը կարող է ի հայտ ամենաանհավանական իրավիճակներում, որոնցից մեկի ականատեսը կարող ենք լինել՝ դիտելով դասական ամերիկյան «Տուտսի» ռոմանտիկ կատակերգությունը՝ նկարահանված Սինդի Փոլաքի կողմից, 1982 թվականին: Դասթին Հոֆմանի մարմնավորած կերպարը՝ Մայքլը, հուսահատորեն աշխատանք է փնտրում և կերպարանափոխվում է Դորոթիի՝ այն գտնելու համար: Կնոջ դերը Մայքլին օգնում է ավելի լավ հասկանալ կանաց և գրավել իր գործընկերուհու՝ Ջուլիի (Ջեսիքա Լենգ) վստահությունն ու համակրանքը:


Անի Գաբուզյան







bottom of page