Եթե ամեն ինչ գնա էնպես, ինչպես հայտարարել են, ուրեմն Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ․ Կարեն Սիմոնյան
- 24timeam
- 1 day ago
- 2 min read
Ապրիլի 16-ին տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Արդեն հայտնի է, որ նիստը կվարի Վարդան Ղուկասյանը՝ որպես տարիքով ամենաավագ անդամ։
Նա նաև Գյումրու քաղաքապետի՝ այս պահի դրությամբ պոտենցիալ թեկնածուն է, որի շուրջ համախմբվել են ՔՊ-ից բացի ավագանու մանդատ ստացած մյուս բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ Ղուկասյանի վաղեմի ախոյան Մարտուն Գրիգորյանի ձևավորած «Մեր քաղաքը» դաշինքը, որի կազմից երկու ձայն Գրիգորյանը չուզելով, երկար-բարակ ծանրութեթև անելով, բայց ի վերջո համաձայնել է տալ Վարդան Ղուկասյանին, որ վերջինս դառնա քաղաքապետ։
Այսօր, ինչպես սպասելի էր, հայտնի դարձավ, որ Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվել է, և վերադառնալու է խորհրդարան՝ որպես «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր։
Մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել նաև Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» դաշինքի երրորդ համարը՝ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը։ Նրան կփոխարինի Սուսաննա Մոսոյանը։ Մյուսները, այդ թվում՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը և «Մայր Հայաստան» դաշինքով առաջադրված քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը վերցրել են մանդատները։ Ռուբեն Մխիթարյանի հետ խոսել չհաջողվեց, ասացին՝ նա հարցազրույց կտա առաջին նիստից հետո, փոխարենը MediaHub-ը զրուցեց նորընտիր ավագանու կազմում ամենափոքր ֆրակցիայի՝ ընդամենը երկու մանդատ ունեցող «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի հետ։
-Պարո՛ն Սիմոնյան, ի՞նչ եք սպասում անդրանիկ նիստից, ինչպես նախատեսել եք, այդպես էլ կլինի՞, այսինքն՝ Վարդան Ղուկասյանը կընտրվի՞ քաղաքապետ այդ օրը։
-Մենք մեր խոսքի տերն ենք, թե ընթացքը ինչ կլինի, վաղը չէ մյուս օրը պարզ կլինի։
-Անակնկալներ կլինե՞ն, ըստ Ձեզ։
-Դե, քաղաքականություն է, ինչ ասես՝ սպասելի է, ո՞վ գիտե։
-Ի դեպ, Մարտուն Գրիգորյանն իր հայտարարության մեջ տարակուսանք էր հայտնել, թե ինչու Դուք և Ռուբեն Մխիթարյանը շտապողականություն ցուցաբերեցիք և անմիջապես հայտարարեցինք Վարդան Ղուկասյանին միանալու մասին։
-Ես արձագանքել եմ, որ խոսքին տեր կանգնելը մի օր առաջ կամ մի օր հետոյի խնդիր չունի։ Ես քարոզարշավի առաջին օրերից ասել եմ, որ որպեսզի «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկենք, պետք է անպայման համախմբում լինի ընդդիմադիր դաշտում։ Եվ էդ համախմբումը էստեղ կլինի, թե էնտեղ կլինի, կարևորը՝ ընդդիմությունը հաղթի, մնացածը կարևոր չի էս պահին։
-Իսկ կհաղթի՞, թե՞ ՔՊ-ն այլ սցենարներ կարող է ունենալ մշակած։
-Եթե մենք հավատարիմ ենք մեր որդեգրած սկզբունքներին, իմ կարծիքով՝ ՔՊ-ն անելիք չունի։
-Իսկ դա կոալիցիո՞ն կառավարում է լինելու, թե՞ Վարդան Ղուկասյանը դառնալու է քաղաքային իշխանություն, դուք էլ՝ ընդդիմություն։
-Մենք հրաժարվել ենք պաշտոններից, իսկ ընդդիմություն, թե ինչ, դա, իմ կարծիքով, երկրորդական է, որովհետև, եթե լավ ծրագիր եկավ, ուրեմն կողմ ենք լինելու, վատը եկավ՝ դեմ ենք լինելու։
-Քանի որ շատ հեղհեղուկ վիճակ է, հնարավո՞ր է՝ ընթացքում ճգնաժամ առաջանա, ինչ-որ մարդիկ դեմ լինեն Վարդան Ղուկասյանին կամ ՔՊ-ն, օրինակ, մարդագողությամբ զբաղվի, այսպիսի սցենարներ կանխատեսե՞լ եք։
-Ամեն ինչ հնարավոր է, դրա համար պետք է օր առաջ մենք լծվենք քաղաքի կառուցման ծրագրերին, ոչ թե անձնական շահերով առաջնորդվենք։ Մեր կողմից պաշտոններից հրաժարվելու որոշումն էլ հենց եղել է դա, որ ոչ թե տեղափոխենք անձնական դաշտ՝ կուլիսային խոսակցություններ, կուլիսային քննարկումներ, այլ հենց էդպես մենք ընդդիմադիր դաշտում կարողանանք համախմբում ապահովել՝ լծվելով Գյումրու զարգացման ծրագրերին։
-Ձեր ասած այդ անձնական դաշտում Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը լուրջ խնդիր ունեն։ Ի՞նչ եք կարծում, Գրիգորյանի ձևավորած ֆրակցիան կկարողանա՞, ի վերջո, այնպես անել, որ Վարդան Ղուկասյանն աշխատի նորմալ ու հետագայում էլ խնդիրներ չունենա։
-Ես չեմ կարող ասել։
-Իսկ այս ընթացքում ՔՊ-ից փորձե՞լ են Ձեզ հետ կապ հաստատել՝ ինչ-որ առաջարկներ անելու կամ բանակցելու համար։
-Ես կյանքում թույլ չեմ տվել, որ որևիցե մեկն այդ դաշտից ինձ հետ կապի դուրս գա։
-Հիմա ապրիլի 16-ին, կարծում եք, Վարդան Ղուկասյանը կդառնա՞ քաղաքապետ։
-Եթե ամեն ինչ գնա էնպես, ինչպես հայտարարել են կուսակցությունների, դաշինքների ղեկավարները, ուրեմն կարծում եմ՝ այո։
Վահե Մակարյան