top of page

Մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից» Վրաստանում

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մի քանի մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։ Հիվանդները մահացել են H1N1 վիրուսով պայմանավորված բարդություններից, ինչպես նաև հարակից հիվանդություններից։

Մահացած հիվանդներից և ոչ մեկը չի պատվաստվել սեզոնային վիրուսների դեմ:

«Սա վիրուս է, որը չի ազդում մի օրգանի վրա և կարող է ազդել միաժամանակ մի քանի օրգանների վրա», - ասել է Առաջին համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Լևան Ռատիանին։

Բացի այդ, օրեցօր աճում է գրիպի A վիրուսով վարակման դեպքերի թիվը, ինչի հետ կապված ավելացել է նաև կլինիկաներ դիմողների թիվը։ Ըստ բժիշկների՝ հիվանդները հոսպիտալացվում են հիմնականում ջերմությամբ, ընդ որում, դեղորայքով բուժումից հետո բարձր ջերմությունը չի նվազում։ Բժիշկների խոսքով՝ «խոզի գրիպի» բուժումը հակավիրուսային պատրաստուկներով արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի նրանք հիվանդներին հորդորում են հնարավորինս արագ դիմել բուժօգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։

H1N1-ը A վիրուսի ենթատեսակ է, որն առաջացնում է մասշտաբային համաճարակներ։ Հիվանդության ծանր ձևին բնորոշ է արագ զարգացող առաջնային վիրուսային թոքաբորբը: Ի տարբերություն բակտերիալ թոքաբորբի՝ այն զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ։

1/1925
bottom of page