Հայ-վրացական սկանդալից հինգ պակաս. Լոռին կանգնեց հեռացող նախագահի կոկորդին
- 24timeam
- Nov 5, 2024
- 2 min read

Երեկվանից հայաստանյան մեդիան ու սոցիալական ցանցերի հայկական տիրույթը ողողված է քննադատությամբ, որի հասցեատերը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է: Վերջինս իր անձնական էջում կիսվել է վրացական մի տուրիստական ընկերության հայտարարությամբ, որը Հայաստանի Լոռու մարզի նկատմամբ բացահայտ ոտնձգություն է:
«Մեզ հաջողվեց պայքարել ու հասնել մեր ուզածին։ Վրացական տուրիստական էջը Լոռին ներկայացնում էր իբրև Վրաստանի տարածք։ Այդ նյութով կիսվել էր նաև այդ երկրի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն, լոռեցի Աննա Հովհաննիսյանը։
Մեկ անգամ չէ, որ վրացական նեղ շրջանակները Հայաստանի Լոռու մարզի մի քանի բնակավայրեր ներկայացրել են իբրև Հայաստանի կողմից, այսպես ասած, «օկուպացված» տարածք։ Աննային զարմացրել է հատկապես նախագահ Զուրաբիշվիլիի կիսվելն այդ նյութով։ Այսինքն՝ պաշտոնյան կիսո՞ւմ է այդ տեսակետը:
«Երբ ընկերներիցս մեկի մոտ տեսա այդ նյութը, անմիջապես տարածեցի ու խնդրեցի իմ ընկերներին ու հետևորդներին բոյկոտել ջղայն էմոջիով: Նաև շատերը միացան մեկնաբանություններով։ Մի քանի ժամ անց հրապարակումը փոխվեց»։
Աննայի խոսքով՝ տուրիստական էջը հանել է «Վրաստանի տարածք» եզրույթը, իսկ հայ օգտատերերի կողմից բացասական արձագանքը ստիպել է վերջիններիս, որ այն առհասարակ ջնջեն։
«Հարյուրավոր ջղայն էմոջիներ ու մեկնաբանություններ եղան։ Վստահ եմ, որ հաջողության հասանք միասնական պայքարով»,- հավելեց նա։
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիի անունով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի էջ կա:
Կոնկրետ այս մեկը, որտեղ նախագահը կիսվել էր, նրա անձնական էջն է: Բայց հաստատ իրենն է. #CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան այդ էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ։
Նշենք, որ ընկերությունը սկանդալային նկարագրությունը փոխել է, այժմ գովազդային տեքստում գրված է այսպես. «Վրաց-հայկական պատմությունների զարմանալի սինթեզ ճանապարհորդի հետ»։
Հետաքրքիր է, Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է այս տարեվերջին, միտումնավո՞ր փորձեց սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում հեռանալուց առաջ: Հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները Վրաստանում՝ շատ հնարավոր է:
Հունան Թադևոսյան