Ինչպե՞ս ստեղծվեց ձնեմարդը․ նրան նվիրված ի՞նչ փառատոններ են անցկացվում
Ձնեմարդերը հայտնի են շատ վաղուց, թեև դրանց մասին առաջին վկայությունները վերաբերում են 14-15-րդ դարերին։ Ըստ պատմաբանների՝ ձնեմարդերը հայտնվել են նախապատմական ժամանակաշրջանում, քանի որ կերպարվեստի ծագման սկզբնական շրջանից սկսած՝ դրա համար օգտագործվել է ցանկացած մատչելի նյութ, իսկ ձյունը եղել է մատչելի ու հեշտ մշակվող։
Ձնեմարդու ամենահին պատկերը վերաբերում է 14-րդ դարի վերջին. Ժամագրքի (մանրանկար KA 36, շուրջ 1390 թվական, էջ 78v) էջի մի կողմում պատկերված է կրակի վրա խորովվող ձնեմարդ։ Էկստայնը կարծում է, որ ձնեմարդու գլխի տարօրինակ գլխարկը հրեական է, և նկարը համարում է հակասեմականության դրսևորում։
Միջնադարում ձնեմարդերը բավական ժողովրդականություն էին վայելում և սովորաբար ձյունից պատրաստված ռեալիստական քանդակներ էին։ Էկստայնը նշում է վաղ գրական վկայությունների բացակայությունը՝ դա կապելով ինչպես 14-րդ դարում փոքր սառցե դարաշրջանի սկսվելու, այնպես էլ նախքան 15-րդ դարը՝ գրատպության հայտնագործումը թղթի բացակայության հետ։ Ձնեմարդու մասին ամենահին գրառումը վերաբերում է 1408 թվականին, երբ ֆլորենտացի գինեվաճառ Բարտոլոմեո դել Կորացան (իտալ.՝ Bartolomeo del Corazza) իր օրագրում գրել է ձյունից պատրաստված անմոռանալի քանդակի մասին, որի բարձրությունը եղել է երկու բրակիա (շուրջ 120 սմ)։
Արդեն 1434 թվականին Արրասում ստեղծվել են բազմաթիվ գեղեցիկ ձնեմարդեր, որոնք ներկայացրել են քրիստոնեական ու պատմական կերպարներ (Եփեսոսի յոթ երիտասարդներին, Ժաննա դ'Արկին, որն անցել էր քաղաքով դրանից երեք տարի առաջ), տղամարդկանց ու կանանց անպարկեշտ կերպարներ։ Բրյուսելում կրկնվել են Արրասի գլուխգործոցները 1457 թվականին, անցկացվել քանդակների փառատոն 1481 թվականին, սակայն միջնադարում ձնեմարդերի ստեղծման գագաթնակետն Արևմտյան Եվրոպայում եղել է 1511 թվականին, երբ Բրյուսելում տիրել է օդի բացասական ջերմաստիճան վեց շաբաթ շարունակ՝ սկսած հունվարի 1-ից։ Իմպրովիզացիոն փառատոնի ընթացքում, որը կոչվել է «1951 թվականի հրաշք», Բրյուսելի փողոցներում հայտնվել են ավելի քան 110 քանդակներ, որոնց խմբավորումների թվում եղել են քաղաքական, պոռնոգրաֆիկ և այլ երանգավորում ունեցող 50 տեսարաններ, այդ թվում նաև հետագայում հայտնի դարձած «միզող տղան»։
Դասական ձնեմարդը կազմված է ձյունից պատրաստված երեք գնդերից (կույտեր)։ Ամենամեծ գունդը ձնեմարդու ոտքերն են, միջինը՝ կուրծքը, ամենափոքրը՝ գլուխը։ Մարմնի մյուս մասերը կարող են պատրաստվել տարբեր կերպ, սակայն կան որոշակի կանոնիկ պատկերացումներ ձնեմարդու մասին։ Իրական ձնեմարդերը կարող են չհամապատասխանել դրանց, սակայն այդպիսին է այն ներկայացվում հեքիաթներում ու մուտֆիլմերում։
Ձնեմարդու ձեռքերը կարող են պատրաստվել երկու ճյուղերով, սակայն երբեմն արվում են երկու խորհրդանշական ձեռքեր ձյան ոչ մեծ կույտերից։ «Ձնեմարդու» ձեռքում հաճախ դրվում է բահ կամ ցախավել, որ խրվում է ձյան մեջ՝ ձնեմարդու կողքին։ Երբեմն ձնեմարդու համար պատրաստվում են ոտնաթաթեր ձյան կույտերից, իբր թե դրանք երևում են նրա մուշտակի տակից։ Կանոնը պահանջում է, որ ձնեմարդու քիթը լինի գազարից (գազարը լավ է պահպանվում մինչև ձմեռ), սակայն իրականում ժամանակակից պայմաններում հաճախ օգտագործվում են ավելի մատչելի նյութեր (քարեր, ճյուղեր, ածխակտորներ), որոնցով նշվում են նաև ձնեմարդու մյուս դիմագծերը։ Ձնեմարդու գլխին դրվում է դույլ։
Ողջ միջնադարի ընթացքում տիպական ձնեմարդը եղել է ձյունից պատրաստված ռեալիստական քանդակ։ 21-րդ դարում որպես տոնական ձևավորման տարր՝ ձյունից պատրաստված գնդերի փոխարեն օգտագործվում են արհեստական պատրաստված ձնեմարդեր։ Վաճառվում են նաև պատրաստի հավաքածուներ (գլխարկներ, կոճակներ, արհեստական ածխակտորներ ու գազար), և պատրաստվող ձնեմարդերն սկսում են նմանվել մեկը մյուսին։
Ձնեմարդու կերպարն օգտագործվում է նաև դիզայնի և հուշանվերների պատրաստման բնագավառում։ Որպես դեկորի տարր՝ ձնեմարդը պատրաստվում է թղթից, կտորից կամ թելերից։
Աշխարհում տարեկան անցկացվում են ձնեմարդերի հետ կապված հարյուրավոր փառատոններ՝ Փենսիլվանիայում անցկացվող գոլֆի մրցաշարից (որն ավարտվում է գոլֆի գնդակներով ձնեմարդուն հարվածելով Վալենպաուպակ լճի սառույցի վրա) մինչև մեծամասշտաբ տոնակատարությունները Խարբինում և Սապորոյում։
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում 2000 թվականից անցկացվում է Ձյունե քանդակների սիբիրյան փառատոնը։
Ցյուրիխում անցկացվող Սախսիլյուուտե տոնակատարության ժամանակ պայթուցիկ նյութով լցված ձնեմարդը (պատրաստված բամբակից) տեղադրվում է խարույկի վրա։ Ըստ հավատալիքների՝ որքան արագ պայթի այն, այնքան տաք կլինի ամառը։
2010 թվականից Լատվիայի Դոբելե քաղաքում ամեն ձմեռ անցկացվում է Ձնեմարդերի հավաքը։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին քաղաքի պուրակներում և այգիներում պատրաստվում են մի քանի տասնյակ ձնեմարդեր, որոնցից շատերն ունեն անուններ՝ Երաժիշտ, Զվարճալի դահուկորդ, Ընտանիք ձյունե երեխաներով։ Ձնեմարդերի շքերթն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ ձնեմարդու կերպարն սկսել է հայտնվել Դոբելեի բազմաթիվ հուշանվերների վրա։