top of page

Այս մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք. Բեգլարյան

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական համայնքների հետ՝ և՛ լայն կազմով, և՛ առանձին համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմերի: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Հանդիպումների ժամանակ պետական նախարարը, շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախի հանդեպ Սփյուռքի ցուցաբերած սրտացավության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ապագայի ծրագրերը: Նա ընդգծել է, որ առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարատև ու միասնական աշխատանք՝ մեծապես փոխելով Սփյուռքի ներգրավվածության ձևաչափերն ու աջակցության տեսակները:


«Անհրաժեշտ է թոթափել հիասթափությունը և լծվել խելացի ու համբերատար ջանքերի իրականացմանը, ինչպես նաև անցյալի սխալների վերլուծության հիման վրա ապագայի պլանավորմանն ու կերտմանը: Անկախ վստահության առկա ճգնաժամից ողջ հայության մեջ՝ բոլորը կարող են լուծումներ ու մեխանիզմներ գտնել Հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը նպաստելու հարցում: Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք»,- նշել է Արտակ Բեգլարյանը:


Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած մտքերի փոխանակման ընթացքում պետական նախարարը պատասխանել է Արցախի ներկա ու ապագա անվտանգությանը, ժողովրդագրությանը, տնտեսությանն ու այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցերի:

1/2057
bottom of page