top of page

Եթե հասցնեք ուտել 12 խաղող, ապա երազանքները կկատարվեն. Նոր տարվա ավանդույթները տարբեր երկրներում


MediaHub-ը շարունակում է Ձեզ ներկայացնել տարբեր երկրների հետաքրքիր, արտասովոր ավանդույթները:


Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինն իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:


Էստոնիայում, ինչպես նաև Ավստրիայում և Շոտլանդիայում, նոր տարում երջանկություն կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը ձեռքին պետք է պարտադիր ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրեր: Շոտլանդիայում Ամանորի գիշերը գնում են նաև հարևան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի և մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից՝ դա ամենալավ ձևն է ամբողջ տարվա համար ապահովելու սննդամթերք, խմիչք և տաքություն:


Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք գործում Շվեդիա:


Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոշհ Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին և խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորը ուրախ տոն է: Ռոշհ Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր և խնձոր:


Իսկ ահա Իսպանիայում, տոնի նախօրեին, ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի փոքր նուգա և շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:



1/1886
bottom of page