«Աստված օրհնի Հայաստանը»․ Խորեն Աբրահամյանի արտամուսնական որդին պատմել է մոր և իր մասին
Հայտնի լատվիացի երաժիշտ, դիջեյ Խորեն Ստալբեն այլև չի թաքցնում իր ծագումը։ Խորհրդային տարիներին նրա մայրը չէր հանրայնացնում այն փաստը, որ որդի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանից։
Հռչակավոր դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանի հագեցած կենսագրության այս էջի մասին չգիտեն անգամ նրա ամենանվիրված երկրպագուները։ Արտիստն արտամուսնական որդի ունի, որը հենց իր անունն է կրում...
Հայտնի լատվիացի երգիչ, դիջեյ, ստորջրյա լուսանկարիչ և դայվինգի մարզիչ Խորեն (Horen) Ստալբեն ծնվել է 1971թ․-ի մարտի 8-ին, Ռիգայում։
Նրա կատարմամբ For Black Man Christmas No Weekend երգի տեսահոլովակը MTV-ով ցուցադրված առաջին լատվիական տեսահոլովակն է դարձել։ 2014թ․-ից ի վեր Խորենը Riga Reggae խմբի մենակատարն է։
2011 թ․-ի մայիսին նա ճանաչվել է լավագույն ստորջրյա լուսանկարիչ՝ Underwater Photography-ի վարկածով։ 2009-2013թթ․-ին Եգիպտոսի Դահաբ հանգստավայրում ղեկավարել է «Բալթիկա» դայվինգ-ակումբը։ Նախորդ տարվա վերջին ընտանիքի հետ միասին վերադարձել է Դահաբ՝ ստորջրյա նկարահանումները շարունակելու։
Հարցազրույցում Ստալբեն խոստովանում է, որ հասկանալի պատճառներով երկար տարիներ ոչ մեկին չէր պատմում, թե ով է իր հայրը, թե որքան տաղանդավոր է նա և հայտնի։
«Կարծում եմ` հիմա արդեն կարելի է խոսել այդ մասին։ Այո, իմ հայրը Խորեն Աբրահամանն է, և խորհրդային տարիների ընթացքում ես ստիպված էի թաքցնել դա հանրությունից․․․Մայրիկիցս ես միայն լավն եմ լսել հորս մասին, թե որքան տաղանդավոր է նա, որքան հրաշալի, հետաքրքիր․․․ Մի անգամ, փոքր ժամանակ, մենք մայրիկի հետ հանրային տրանսպորտում էինք, մեզ հետ հայեր սկսեցին խոսել, հարցրին, թե անունս ինչ է։ Մայրիկը պատասխանեց` «Խորեն»։ Նրանք շատ զարմացան, հարցրին՝ գիտե՞նք արդյոք, որ այդ անունով հայտնի հայ դերասան կա։ Մայրիկը տխուր ժպտաց և ասաց, որ գիտի»,-պատմում է նա։
Երաժիշտը հիշում է, որ փոքր ժամանակ ամաչում էր խոսել իր ծագման մասին։ Սակայն կոնսերվատորիա ընդունվելուց հետո իր սիրելի ուսուցչուհի Մարա Կիմելեն, որն, ի դեպ, ժամանակին ելույթ էր ունեցել Խորեն Աբրահամյանի հետ նույն բեմում, մի անգամ հարցրել է, թե որտեղից է այդ անունը։
«Ես հայկական արմատներ ունեմ»,-պատասխանել է Ստալբեն։
48 տարեկանում Ստալբեն առաջին անգամ այցելել է Հայաստան։ Նրա խոսքով՝ իր կյանքում դա միանգամայն նոր էջ է բացել։