top of page

Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողն իմ անունով գրանցի. Աղվան Հովսեփյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 20
  • 1 min read

Երևանում ես ոչ մի թիզ հող չեմ վերցրել։ Այս մասին այսօր կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Գլխավոր դատախազ էի։ Եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե՝ կասեի քո հողն իմ անունով գրանցի»,- հայտարարեց Աղվան Հովսեփյանը։

Դատական նիստին այսօր շարունակվեց գործով որպես տուժող անցնող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբոր՝ Մանվել Ղարիբյանի, հարցաքննությունը։

Մանվել Ղադիբյանն այս գործով հարցաքննվում է երրորդ անգամ, ըստ մեղադրող Կորյուն Սերոբյանի՝ պայմանավորված է դատարանում տրված ցուցմունքների էական հակասություններով։ Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք հիշողության խնդիր ունի, ինչին արձագանքելով Ղարիբյանը նշեց՝ այո, 17 անգամ վիրահատվել է։

Մանվել Ղարիբյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ հողատարածքն իրենն է եղել, իրավիճակը փոխվել է և իր եղբայրը դադարել է լինել եղբայր։ Վարշամի հետ հարաբերությունները վատ են.«Ինքը հանցագործ է, բոլորին հանցագործ է սարքել»։ Հարցուպատասխանի ընթացքում Մանվել Ղարիբյանը ծիծաղով արձագանքեց դիտարկմանը, թե Վարշամ Ղարիբյանն Աղվան Հովսեփյանին կաշառք է տվել հեռուստաընկերությունը։

«Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ոնց կարող է տալ»,- նշեց Մանվել Ղարիբյանը։

Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հովսեփյանը գնացել է Շանթ՝ միայնակ՝ առանց թիկնապահների, պահանջել, որ հողատարածքը գրանցվի իր որդու անունով՝ վկան նշեց՝ 2007թ -ից հետո ինքը մուտք չի գործել Շանթ՝ եղբոր հետ հարաբերությունների պատճառով, բայց չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։ 

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին։ Ըստ նախաքննական մարմնի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության հոդվածներով:

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար դրամի գույքն օրինականացնելու համար:

1/2065
bottom of page