Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել
- 24timeam
- Mar 7
- 1 min read

Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Աբգար Պողոսյանը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսանյութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։
Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնեց քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։
Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման։