top of page

Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային

  • Writer: 24timeam
    24timeam
  • 6 days ago
  • 1 min read

Սիրիայում Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Անկարայի դեմ: Մասնավորապես, ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելը փորձում է խոչընդոտել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:Այդ կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային նորից օրակարգ մտավ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո: Ամերիկյան որոշ շրջանակներ սկսեցին խոսել Թուրքիային այդ կործանիչների վաճառքի մասին, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:

Իսրայելի փորձերի մասին պնդումները կիսել է Կատարում գործող «Middle East Eye» լրատվական կայքը: Նա մեջբերել է երկու բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների խոսքերը: Ըստ նրանց՝ Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի աճող ազդեցությունից։ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վրա, որպեսզի վերջինս արգելափակի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։

Նշվել է, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիան Ռուսաստանից գնած ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև սեփական արտադրության ՀՕՊ համակարգերը կտեղակայի Սիրիայի տարածքում, ինչն ուղիղ սպառնալիք է Իսրայելի համար: Մտավախություն կա, որ Թուրքիան F-16 կործանիչներ կտեղակայի սիրիական ռազմաբազաներում:Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Սիրիայի Համան և Տիասի (T4) ռազմակայաններին։ Նշված «T4» ռազմաբազայում Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում տեղակայել իր ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև «Hisar» տիպի հակաօդային համակարգեր։

1/2065
bottom of page