top of page

ՏԳԵՏՆ ԶՏԳԵՏԻՆ ԳՏԱՆԵ

  • Writer: 24timeam
    24timeam
  • 5 hours ago
  • 3 min read

Տգիտությունը, ինչի մասին Փաշինյանը խոսում էր կառավարության վերջին նիստի ժամանակ, իսկապես համատարած բնույթ ունի ՀՀ իշխանությունների շրջանում: Այնպես որ, Փաշինյանի դիտարկումները միանգամայն տեղին էին եւ ակտուալ: Փորձեք, խնդրեմ, ՀՀ իշխանական շրջանակներից մեկ կամ երկու անուն տալ եւ ապացուցել, որ նրանք տգետ չեն: Բոլորն են տգետ, եւ դա փաստել է ոչ այլ ոք, քան այդ կառավարության ղեկավարն անձամբ: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը… Տգե՞տ է, թե՞ տգետ չէ: Եղբայր, եթե տգետ չէ, թող մի բերան ասի՝ ես տգետ չեմ, Նիկոլը սխալվում է: Սպանես՝ չի հերքի:



Ես դիտմամբ առաջինը հենց Արարատ Միրզոյանի անունը տվեցի, որովհետեւ նա ՀՀ արտգործնախարարն է եւ այդ իմաստով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջազգային ասպարեզներում: Ու եթե արտգործնախարարը չի հերքում իր ղեկավարի հայտարարությունները տգիտության ու նույն դասարանում մնալու մասին, ապա դա նշանակում է, որ Նիկոլին միջազգային ասպարեզում ներկայացնում է մի մարդ, որ կա՛մ ինքն է տգետ, կա՛մ իրեն նշանակողը, կա՛մ էլ՝ երկուսը միասին: Ինչպես ասում են՝ տգետն զտգետին գտանե…


Երկուշաբթի Ավանից իջնում էի աշխատանքի: Կիրակնօրյա անձրեւից հետո օդը մաքուր էր, արեւն ամպերի տակից դուրս գալու նշաններ էր ցույց տալիս: Մի խոսքով՝ ոչինչ չէր գուժում վերահաս «ներվատրյոպկայի» մասին, որի մեջ հայտնվելու էի մի քանի րոպե հետո: Բուսաբանական այգու մոտից սկսվեց… Խցանում էր մինչեւ Հերացու փողոցի վերջը՝ մինչեւ Անատոմիկ… Ու պարզվեց՝ ոչ մի վթար էլ չկար: Մի տգետ մարդ Հերացու փողոցի ողջ լայնքով գիշերը փոս էր փորել ու ոչ միայն չէր ասֆալտել, այլեւ այնքան խիճ չէր լցրել, որ մեքենաներն անցնեին: Ո՞վ էր այդ տգետը… Ես այդ մարդուն անուն-ազգանունով չեմ ճանաչում, բայց հաստատ գիտեմ, որ Երեւանում, այն էլ Հերացու փողոցի լայնքով, նման փոս փորել հնարավոր չէ առանց Երեւանի «իշխանությունների» թույլտվության եւ գիտության: Հետեւաբար՝ տգետն ովքե՞ր են… Երեւանի «իշխանությունները»: Երեւանի «իշխանությունների» ղեկավարն ո՞վ է… Տիգրան Ավինյանը: Տիգրան Ավինյանին ով է նշանակել Երեւանի ղեկավա՞ր… Նիկոլ Փաշինյանը: Եթե ես ճիշտ չեմ, պարոն Ավինյան, հենց հիմա ասա, որ դու տգետ չես, ասա, որ Փաշինյանը սխալվում է: Չես ասի, որովհետեւ անհերքելի փաստ է՝ նմանն զնմանին գտանե…


Չգիտեմ՝ արժե՞ ավելի վերեւ գնալ եւ տգետներ փնտրել վերեւներում, եթե նրանք ամենուր են՝ ԱԺ, ՍԴ, դատախազություն, ՔԿ, հակակոռուպցիոն մարմին, ՊԵԿ, ՆԳՆ, ՊՆ, ՔՊ… Մյուս կողմից էլ վերեւից է ամեն ինչ լավ երեւում: Վերեւում բուրգի ծայրն է՝ ակունքը վարչապետի, որից էլ տգիտությունը հորդում է ներքեւ՝ Նիկոլի աշխատակազմ, նախարարություններ, գերատեսչություններ, եւ այդպես՝ մինչեւ համայնքային «իշխանություններ»: Լավ, ի վերջո, մեկդ հերքեք, ամոթ է, ախր: Մի երկու օր առաջ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ինչ-որ միջազգային ֆորումում ներկայացրել էր Հայաստանում ծանրամարտի զարգացման իր տեսլականը: Պիտի տեսնեիք նրա նկարի տակ եղած գրառումները: Ինձ ամենաշատը դուր եկավ դրանցից մեկը՝ «Լցոնած դատարկություն»: Ի՞նչ հավելեմ, չգիտեմ… Նիկոլն իսկապես ճիշտ է՝ տգետ են, եւ վերջ:


Հիմա դառնանք Նիկոլի ֆենոմենին, ավելի կոնկրետ՝ մարզերում նրա դրսեւորած պահվածքին: Ես կասեի՝ դա տգետի պահվածք է, բայց համեմատաբար ճարպիկ տգետի: Կա՛մ նա այնքան տգետ է, որ մարզերում եղած խնդիրները կառավարության խնդիրը չի համարում, կա՛մ էլ այնքան ճարպիկ, որ կարողանում է այդ խնդիրների թիվ մեկ մեղավոր նշանակել իրենց՝ բնակիչներին: Շվանիձորում, օրինակ, եթե ջրի խնդիր կա, ապա դա ոչ թե կառավարության խնդիրն է, այլ՝ առաջին հերթին շվանիձորցիների մեղքը, որովհետեւ գյուղում պուլպուլակ կա, որից աննպատակ ջուր է հոսում: Էն ինչե՞ր ասաց, այ մարդ… Ես գամ, էս ջրի վրա «կռանթ» (նկատի ունի փական) դնեմ, դուք էլ գաք, ոտով տաք` կոտրե՞ք… Կառավարության սենցը, կառավարության նենցը… Համեստ շվանիձորցիք էլ ականջները կախ լսում են, էլի: Ու մեկը չեղավ, որ ասեր՝ էդ «կռանթը» (փականը) քո ու քեզ նման տգետների լեզվին դիր, որ ափեղ-ցփեղ չճամարտակեն երկիր, պետություն ու ժողովուրդ կառավարելու աննախադեպ հաջողությունների մասին:


ՀԳ. Ինչո՞ւ է սյունյաց այս այցից հետո ինձ թվում, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մենք մի լավ «վադապրավոդչիկի» կամ ջրի մարդու ենք կորցրել: Նրա շվանիձորյան արկածներն ինձ մտքով տարան Լոռի, որտեղ նա մասնագիտորեն «խոտանեց» իր ԿԳՄՍ տգետ նախարարի տեղադրած դուշերը (ցնցուղները): Ճարպիկ ա, է, ճարպիկ:



1/2066
bottom of page