top of page

ՍԴ որոշման հիմքում չպետք է դրվի պոպուլիստական գաղափար՝ եթե ինչ-որ մեկը հարուստ է, նշանակում է՝ գողացել է. Դավիթ Հարությունյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 2 min read

Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխան ճանաչեց«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անվերապահ պաշտպանում է հանցագործության ու, հատկապես, կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը, բայց, նրա խոսքով, այդ որոշման հիմքում չպետք է դրվի պոպուլիստական գաղափար՝ եթե ինչ-որ մեկը հարուստ է, նշանակում է՝ գողացել է։

«Ես համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր չլինի, միևնույն է, չի կարող հիմք հանդիսանա, որ խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարությունյանը։

Նա ասաց, որ ՍԴ-ն մերժել է իր միջնորդությունը՝ գործի լսումներն անցկացնել բանավոր ընթացակարգով։

Հարությունյանի խոսքով՝ ՍԴ որոշումով ասվում է՝ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

«Երկրորդ կարևոր արձանագրումը, որ արեց ՍԴ-ն, այն է, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։

Կա ևս 3-րդ հետաքրքիր մի դրույթ, որն արձանագրեց ՍԴ-ն՝ Ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ, խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարին, որովհետև, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի ժամանակահատված զբաղեցրել է պետական պաշտոն ու դուրս է եկել պաշտոնից, նա իր ամբողջ կյանքը չպետք է սպասի, թե Դատախազության ուղտը երբ կչոքի իր դռանն ու կասի՝ որտեղի՞ց այս գույքը»,- նշեց նա՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ այս հարցում ՍԴ-ն արել է կես քայլ։ Ըստ Հարությունյանի՝ ամենաողջամիտը կլիներ, եթե ՍԴ-ն այս նորմը համարեր հակասահմանադրական ու ժամկետ տար, որ ԱԺ-ն որոշում ընդուներ։

Հարությունյանը նշեց նաև, որ ՍԴ որոշումների հիման վրա Դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել ենթադրյալ ապօրինի գույքի ու հանցավոր արարքի հետ։

«Դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են։ Ինչ վերաբերում է կոռուցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերին, ապա դրանց շրջանակներում Դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի ու հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ցավոք սրտի, այսքանով ավարտվում են ՍԴ որոշման դրական կողմերը։

1/2090
bottom of page