«ՌԴ-ն և Բելառուսը կարող են միասնական խորհրդարան ձևավորել, եթե պատրաստ լինեն»․ Լուկաշենկո

Ռուսաստանը և Բելառուսը կարող են միասնական խորհրդարան ձևավորել, եթե պատրաստ լինեն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի լիագումար նիստում։
Միութենական պետության խորհրդարան ստեղծելու գաղափարը մերժվել էր 2023 թվականի սկզբին։ Մինչդեռ 1996 թվականից գործում է Ռուսաստանի և Բելառուսի միության խորհրդարանական վեհաժողովը, որի կազմում ընդգրկված են յուրաքանչյուր երկրից 36 պատգամավոր, հիշեցնում է «Պառլամենտսկայա գազետա» թերթը։
«Բելառուս-ռուսական ինտեգրման գործընթացը պետք է անշրջելի դարձնել»,- կարծում է Լուկաշենկոն։
Քննարկելով Ռուսաստանին միանալու Բելառուսի հեռանկարները՝ Լուկաշենկոն նշել է. «Մենք պետք է հանգիստ, քայլ առ քայլ առաջ գնանք և ինչ-որ բան իրականացնենք, ինչպես հիմա ենք անում»։