top of page

««Հասարակ» կյանքն ու կերպարը դարձրել են «բիծ» ու «այիբ»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայտնի տեսանյութը արտացոլում է մեր հանրային մտածողության մեջ առկա բավականին խորքային արատը, երբ անգամ միևնույն շենքի, բակի բնակիչներն են միմյանց հանդեպ վերաբերմունքը կառուցում՝ ըստ սոցիալական պատկանելության, ըստ վարած մեքենայի, ըստ հագուկապի համախառն արժեքի, ըստ մակիյաժի ու սանրվածքի փոխարժեքի, ըստ բնակմակերեսի, այդ բնակմակերեսի «ռեմոնտի»:

Ու այդ երևույթը ներթափանցել է նաև դպրոցներ, անգամ ցածր դասարաններ: Այսինքն՝ ոչ միայն մեծ է սաղարթը, այլ խորն են արդեն նաև արմատները:

«Հասարակ» կյանքը, նկարագիրը, կերպարը այլևս դարձել են «բիծ», դարձել՝ «այիբ»: Շատերը, որ իրենց «ոչ հասարակ» դիրքից անգամ շփվում են «հասարակների» հետ, անում են դա մեծահոգության մեծամիտ զգացումով և դեմքի արտահայտությամբ:

Ու այդ երևույթը, այդ «ոչ հասարակության» շքերթը մեր հասարակական-պետական օրգանիզմը քայքայել է ոչ պակաս, քան կոռուպցիան կամ դատարկ պաթոսը:

Սա բոլորովին չեմ ասում եզրակացնելու համար, թե վերևներում ասողներն էլ, դե, մեզանից մեկն են:

Ոչ, եզրակացությունը պետք է լինի լրիվ հակառակը, արմատապես հակառակը: Վերնախավը, պաշտոնյաները, առաջատար տնտեսա-քաղաքական խմբերը պետք է ոչ միայն չլինեն այդ մտածողության ու աշխարհընկալման կրողն ու արտահայտողը, այլ պետք է ստանձնեն դա փոխելու պարտավորություն: Նրանք պետք է ձևավորեն «հասարակություն», բառի լայն և բուն իմաստներով:

Պերճանքի, շքեղության ագրեսիվ առկայությունը Հայաստանում սոցիալ-հոգեբանական քայքայման իր «շքերթը» սկսել է դեռևս շատ շատ տարիներ առաջ, դեռևս 2018-ից շատ տարիներ առաջ: Դրա հետևանքով է նաև, որ Հայաստանում ձևավորվել է սոցիալ-հոգեբանական «պոպուլիզմի» խոպան, որտեղ հաջողության հասած քաղաքական կոչվող միավորները կարճ ժամանակ անց իրենք են դառնում այն, ինչի դեմ պոպուլիստական կարգախոսներով կառուցել են իրենց հաջողությունը»:

bottom of page