top of page

Ալիևը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ

Այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը, տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում  հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի, «Ռուսաստանի որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին»։

«Մեզ վշտացնող և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսաստանյան պաշտոնական կառույցները ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկած առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսաստանյան կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է նա։

Ընդգծելով, որ «իհարկե, մեր ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել», Ալիևն ասել է, որ «մեղքն ընդունելը, բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրելը և դա հանրությանը հայտնելը ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը կլինեին»։

«Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել «Ռուսաստանի օդային տարածքում ողբերգական միջադեպի պատճառով», հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

1/1900
bottom of page