top of page

Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հոգեկան ներգործության հատկանիշներով՝ նրա երեխային սպառնացող հաղորդագրությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում հրապարակել էր ստացված հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ իր ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխայի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվում։ Սիմոնյանը դիմել էր իրավապահներին՝ հույս հայտնելով, թե վերջիններս կգտնեն օգտատիրոջը։

Սիմոնյանի այս հայտարարությունն իրավապահներն ընթացք են տվել։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ «Telegram» հեռահաղորդակցման համակարգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող հաղորդագրություն հրապարակելու վերաբերյալ Ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հոգեկան ներգործությունն՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ):

1/2025
bottom of page