top of page

Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ մրցանակիրը, որը շնորհվում է այն անհատին կամ հաստատությանը, որն ամենաշատն է նպաստել կազմակերպված հանցավոր գործունեության և կոռուպցիայի առաջխաղացմանն աշխարհում»:

OCCRP-ը հետաքննող լրագրողների համաշխարհային ցանց է, որն ավելի քան մեկ տասնամյակ բացահայտում է Ալիևի ընտանիքի և նրա մերձավորների կողմից պետական միջոցների յուրացումը՝ արտասահմանում անշարժ գույք գնելու համար:Թեև կան բազմաթիվ խմբեր, որոնք ահազանգում են Ադրբեջանի կողմից լրագրողների, ընդդիմության անդամների և իրավապաշտպանների բանտարկության մասին, սակայն OCCRP-ն այն հազվագյուտ խմբերից է, որը փաստագրել է Ալիևների կլանի կողմից Լոնդոնի սրտում թանկարժեք անշարժ գույքի գաղտնի ձեռքբերումները: Այս կալվածքներից շատերը թաքնված են արտասահմանյան օֆշորային կազմակերպությունների հետևում, ինչը դժվարացնում է գույքի իսկական սեփականատերերի հայտնաբերումը:Սակայն, 2022 թվականին բրիտանական կառավարության ընդունած նոր օրենքներն օգնում են բացահայտել այդ անշարժ գույքերից մի քանիսի սեփականատերերին: «Լոնդոնյան շքեղ կալվածքները, որոնք կապված են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ, թաքնված են օֆշորային կազմակեպության հետևում» վերնագրով հոդվածում OCCRP-ից Ջեյմս Օ’Բրայենն այս ամիս տեղեկացրել է, որ Ալիևների ընտանիքը «հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է ձեռք բերել»։ Հոդվածում ասվում է. «Նոր հասանելի տվյալները ցույց են տալիս, որ Ալիևի դուստրերը Լոնդոնում վեց շքեղ բնակարանների սեփականատեր են։ Սակայն ընտանիքի կողմից 160 միլիոն դոլարով ձեռք բերված 10 [այլ] գույքի ներկայիս սեփականատերը մնում է անհայտ, քանի որ փոխանցումները կատարվել են օֆշորային կազմակերպության կողմից։Ներկայումս այդ կազմակերպության կառույցներն ազատված են հանրային վերահսկողությունից»:OCCRP-ն հայտնել է, որ Ալիևները Լոնդոնում ունեն «Հյուրանոցային շենք՝ Բրիտանական թանգարանի մոտ, պենտհաուսներ՝ Հայդ Պարկից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, առանձնատուն՝ Հեմփսթեդ Հիթի կանաչ տարածքների տեսարանով և այլն: 2021 թվականին OCCRP-ը բացահայտել է, որ 700 միլիոն դոլար արժողությամբ լոնդոնյան անշարժ գույքի հավաքածուն ձեռք է բերվել Ադրբեջանի երկարամյա բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և մերձավորների կողմից: Երկու տասնամյակների անվիճելի քաղաքական իշխանությունը վերածելով հսկայական հարստության՝ այս էլիտար խումբը որոշել էր հարստությունը ծախսել ժողովրդավարական աշխարհի ֆինանսական  կենտրոններից մեկում: Նրանց ձեռք բերած գույքը տասնյակ գաղտնի օֆշորային ընկերությունների սեփականությունն էր՝թաքցված հասարակության վերահսկողությունից: Միայն Pandora Papers-ի՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից ձեռք բերված գաղտնի օֆշորային փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ, լրագրողները կարողացան դրանք կապել Ալիևների հետ»:OCCRP-ն տեղեկացրել է, որ «համագործակցել է Մեծ Բրիտանիայի Transparency International կազմակերպության հակակոռուպցիոն քարոզչական խմբի հետազոտողների հետ՝ վերանայելու Լոնդոնի 23 գույքը, որոնք մեր նախկին հետաքննությունը կապում էր Ալիևների հետ»: Նրանք պարզել են, որ «նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, անձամբ ունեն վեց շքեղ բնակարան Հայդ Պարկի անմիջական հարևանությամբ։ Սակայն [Օտարերկրյա կազմակերպությունների գրանցամատյանում] չի նշվում, թե ում է ի վերջո պատկանում 10 անշարժ գույքը, որն Ալիևներն ու նրանց մերձավորները ձեռք են բերել 160 միլիոն դոլարով․ առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու թաունհաուս, բազմաթիվ բնակարաններ և պենտհաուսներ, ինչպես նաև վեցհարկանի շենք Կենտրոնական Լոնդոնում։ Այն միայն բացահայտում է, որ դրանք պատկանում են Մեն կղզում գրանցված կազմակերպությանը:Ալիևի գրասենյակը «չի պատասխանել [OCCRP-ի] հարցումներին, սակայն նախագահ Ալիևը նախկինում իր հարստությունը վերագրել էր բիզնեսում ունեցած հաջողություններին»:OCCRP-ը հայտնել է, որ 2021թ. Ալիևը իր նախագահական կայքում «ընդունել է, որ ինքը «աղքատ մարդ չէր», երբ դարձավ նախագահ, սակայն ասել է, որ դա պայմանավորված է իր բիզնեսի ձեռքբերումներով։ (Ադրբեջանի անկախացումից հետո առաջին ղեկավարի որդին՝ Ալիևը, զբաղեցրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահի պաշտոնը՝ նախքան 2003 թվականին նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելը): «Ի տարբերություն Արևմուտքի որոշ այլ մարդկանց, որոնք իրենց ողջ հարստությունը նվիրաբերում են իրենց կատուներին ու շներին, Իտալիայում և Ադրբեջանում մենք կարևորում ենք ընտանեկան արժեքները», ասաց նա այն ժամանակ: «Ուստի, ես իմ ամբողջ բիզնեսը փոխանցել եմ երեխաներիս»։2015 թվականին OCCRP-ը հայտնել էր, որ «Լեյլա Ալիեևան՝ Ադրբեջանի նախագահի այն ժամանակ 29-ամյա ավագ դուստրը, բրիտանական ընկերության տնօրեններից մեկն էր, որը կառավարում էր ավելի քան 33 միլիոն դոլար արժողությամբ [հինգհարկանի շքեղ] շենքը»։Թեև կազմակերպությունը թաքցնում է Լոնդոնի 10 բարձրակարգ գույքի սեփականատիրոջը, դրանցից ինը «Օտարերկրյա կազմակերպությունների գրանցամատյանում նշված է նույն անձի անունով, որն ունի «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն» օֆշորային ընկերությունների վրա, որոնց սեփականատերն է՝ Միր Փաշաևը …․նախագահ Իլհամ Ալիևի կնոջ զարմիկը։ 54-ամյա բանկիրը սերտորեն կապված է Ալիևների ընտանեկան բիզնես շահերի հետ։ Նա խոշոր վարկատու «Փաշա բանկի» խորհրդի նախագահն է, որը պատկանում է նախագահի դուստրերին՝ Լեյլային և Արզուին, և նրանց ամբողջ «Փաշա հոլդինգ» բիզնես կոնգլոմերատի տնօրենների խորհրդի փոխնախագահը, որը ներառում է բանկային, ապահովագրական և շինարարական ոլորտների շահերը»: OCCRP-ն հայտնել է, որ «2014 թվականի հոկտեմբերին նա [Փաշաևը] Լեյլա Ալիևայից ստանձնել է այն ընկերության տնօրենությունը, որը կառավարում է նրա առանձնատունը Լոնդոնի «Սփիքերս Քորներում»»:Նախագահ Ալիևի մշտական սպառնալիքները՝ հարձակվելու Հայաստանի վրա, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնի գնալ զիջումների, նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ալիևի կողմից մարդու իրավունքների խախտումներից և Ադրբեջանի պետական միջոցների յուրացումից, ինչը նրա քաղաքացիներին զրկում է երկրի միլիարդավոր դոլարների նավթի ու գազի եկամուտներից։Հարութ Սասունյանwww.TheCaliforniaCourier.comԹարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

1/1890
bottom of page