«Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում

«Փաստ» օրաթերթը գրում է.«Երբ որոշ ժամանակ առաջ «ոլորապտույտ» քարոզչական կեռմաններով դաշտ բերվեց «Մեղրու թեման»՝ «նախկինների» սոուսով, շատերը (ու շատերի թվում նաև մենք) կանխատեսեցինք, որ դա հենց այնպես չի արվում, իսկ ավելի կոնկրետ՝ նախապատրաստվում են նորանոր զիջումներ, նույնիսկ՝ զիջումների նոր փուլ: Ավելին, նշեցինք, որ այդ հանգած թեման «թարմացվում» է, Փաշինյանի կողմից «Մեղրին հանձնելը» փաթեթավորելու և արդարացնելու համար:
Վերջին երկու օրվա իրադարձությունները եկան, ցավոք, հաստատելու փորձագիտական շրջանակների, քաղաքական դաշտի ու լրատվամիջոցների կանխատեսումները:
Թե՛ Փաշինյան-Ալիև «պակտի» նախագծի վրա «աշխատանքն» ավարտելու մասին Բաքվից ու Երևանից հնչած հայտարարությունները, թե՛ «հերոս-հարկատուների» հաշվին Թուրքիայից բերված լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցը, թե՛ ԱԺ-ում Փաշինյանի ճեպազրույցում ասվածը հստակ հաստատում էին՝ տալիս է, զիջում է, զիջելու է՝ ճանապարհներ, տարածքներ, հողեր, երկրի ինքնիշխանությունը:
Փաստը մնում է փաստ. Փաշինյանը համաձայնել է Ալիևի, Ադրբեջանի ու Թուրքիայի գրեթե բոլոր պահանջներին: Եվ ահա, այդ ամենից՝ վերջին 2 օրվա իրադարձություններից հետո թվում էր, թե Փաշինյանն ու թիմակիցները պիտի ձգտեն հնարավորինս չերևալ էկրաններին, մի ծածուկ տեղ պատսպարվեն, առնվազն՝ սուսուփուս սպասեն, մինչև «անցնի վտանգը»: Թվում էր, թե հիմա բորբոքված ժողովուրդը պիտի հրապարակները լցված լիներ, մղվեր դեպի փողոց:
Բայց ոչ: Հրապարակները ոչ միայն լցված չեն (դե հո գինու փառատոն կամ խորովածի ցուցահանդես չէ), այլև Փաշինյանն ու նրա թիմակիցներն են մի այլ կարգի «ոգևորված», սկսած թուրք լրագրողների համար «պարոն մեծարգոյից», վերջացրած՝ Արարատ Միրզոյանով ու մանդատակիր որոշ քպականներով:
Մի հոխորտալ են հոխորտում, մի սպառնալ են սպառնում, էլ չենք ասում՝ լրագրողների ու ընդդիմադիրների հանդեպ ուղղակիորեն սանձարձակ պահվածքի մասին:
Կա կարծիք, թե նման դրսևորումները Փաշինյանի ու քպականների ջղաձիգ հոգեվիճակի ապացույցն ու արտացոլումն են:
Հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է: Բայց կարևորը դա չէ, այլ երևույթն ինքնին. իրենց սանձարձակ ու ցինիկ պահվածքը նրանք շարունակում են, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ որպես երկրին ու ժողովրդին արված մե՜ծ լավություն են հրամցնում Հայաստանն ուղղակիորեն սպառնալիքների տակ մտցնելը: Թե բա՝ մենք փրկիչ ներ ենք: Դե, կոր ծ ան ե լ ո վ ՝ «փրկում» են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում