Սա հերթական քաղաքական շինծու, հնարովի գործերից է, ցայտնոտի դրսևորումներ են ընտրություններից 2 օր առաջ․ փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալության մասին
«Պարզ էր, որ այսպիսի բան է լինելու։ Սա առաջին դեպքը չէ, նման դեպքեր եղել են և՛ Վանաձորում, և՛ այլ համայնքներում ։ Սովորաբար լինում էր ընտրություններից հետո, հիմա արդեն մարտավարություն է փոխվել։ Պարզ է, որ ցայտնոտի մեջ են գտնվում և այս ձևով ուզում են իրենց վախերը փարատեն»,-Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս գալուց հետո, պատասխանելով Panorama.am-ի հարցերին, ասաց Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Այն ճշտմանը, թե ի՞նչ որոշում կայացվեց հարցաքննության ավարտից հետո, փաստաբանն ասաց, որ որոշումը կհրապարակվի 24 ժամվա ընթացքում։ Այսուհանդերձ, Հարությունյանի համոզմամբ՝ թեկնածուի հորը ձերբակալել են , որպեսզի տանեն կալանքի։
«Կարծում եմ՝ դատարան կտանեն կալանքի։ Սրանով ուզում են անհավասար պայմաններ ստեղծեն, եթե թեկնածուներից մեկի ընտանիքի անդամը կալանավորվի, պարզ է չէ, որ ստեղծում է լարված վիճակ։ Սա տեռոր է, հերթական քաղաքական շինծու, հնարովի գործերից է։ Սա միակը չէ, նմանատիպ գործ կա «Մայր Հայաստանի» հետ կապված։ Տղաների հետ նույնպես կապի մեջ եմ և այնտեղ էլ աջակցություն է ցուցաբերվում»
Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա փաստաբանը պարզաբանեց․ «Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամն այս ընթացքում իբրև բարեգործությամբ է զբաղվել, որքանով հասկանում եմ՝ տեսանյութ կա, որտեղ փողոցի հարթեցման գործողություններ են տեղի ունենում։ Պարզ է, որ սա ցայտնոտի դրսևորումներ են ընտրություններից 2 օր առաջ»։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ձերբակալված անձիք դեռևս Հակակոռուպցիոն կոմիտեում են։
Նշենք, որ այսօր առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են եղել, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխում են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։