Փաշինյանը մեր Արամ Մանուկյա՞նն է, Պապիկյանը՝ Դրո՞ն, ձեր ծիծաղն էլ եկավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
- 24timeam
- 2 days ago
- 2 min read
«Նախանձելի է այն ագրեսիան ու այն կիրքը, որով խոսում եք Դաշնակցության դեմ։ Դրանով կարող եք համեմատվել կոմունիստների, Բաքվի բանտում հայ գերիներին մեղադրանք ներկայացնող դատախազի հետ, մեկ էլ ՀՀՇ-ի հետ, բայց իրենք մի քիչ ավելի ինտելեկտուալ էին»,-ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին։
Նա խնդրեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին հնարավորինս հակադաշնակցական ելույթներ ունենալ. «Ես Դաշնակցության իմիջի բարձրացման, Դաշնակցության շուրջ մոբիլիզացիայի ապահովման ավելի լավ տարբերակ չգիտեմ։ Իսկ երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գլխավոր բանակցողներն են ամեն բանակցությունենրից հետո գալիս հակադաշնակցական ելույթներ ունենում, դա խոսում է ավելի բարձր, քան ցանկացած խոսքերը»։
Քրիստինե Վարդանյանը նաև նշեց. «Այստեղ մի նարատիվ է նկատվում. այս մարդիկ իրենց համեմատում են Առաջին հանրապետության այրերի հետ։ Այսինքն՝ ով ում հետ է համեմատվում։
Այդ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը մեր Արամ Մանուկյա՞նն է։ Այդ մարդը բացի այն, որ պետականաստեղծ էր, պետության հիմնադիր էր, Վանի հերոսական ինքնապաշտպանություն էր կազմակերպել, նրա մասին ամենահայտնի պատմություններից մեկն այն է, հրաժարվել է տիֆի պատվաստանյութից, որ որբերին դա հասնի։ Այս մարդուն ասում ենք՝ պադավադներից մեկից հրաժարվի, ձեռքը չի գնում դա անի։
Կամ այդ տրամաբանության մեջ մեր Դրոն Սուրեն Պապիկյա՞նն է։ Ձեր ծիծաղն էլ է գալիս։
Ալեն Սիմոնյանն ո՞վ է այդտեղ։ Հովհաննես Քաջազնունին ո՞վ է, ում տղան նահատակվել է Հայաստանի անկախության համար մղված պատերազմում։
Դաշնակցությունը Հայաստանի անկախության համար մղված պատերազմում ամենաշատ զոհերը տված ուժն է։ Այստեղ գալիս ու ասում են՝ Դաշնակցությունն Հայաստանի անկախությանը դեմ է եղել»։
Ք. Վարդանյանի ելույթի ընթացքում դահլիճում իրավիճակը լարվեց։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին. «Սուս մնացեք։ Լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, մի անցեք ձեր չափերը»։
Արթուր Խաչատրյանն ասաց. «Չափերը ես ինքս եմ գծում»։
Ռուբինյանն արձագանքեց. «Լավ չեք գծում։ Ուրեմն ես կգծեմ հիմա։ Հանգստացեք, հանգստացիր, հանգիստ»։
Ռուբինյանն այնուհետև դիմեց Քրիստինե Վարդանյանին՝ հարգալից խոսել պատգամավորների մասին։
«Դուք էլ լռեք...
Դու չի, դուք է»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանսյանին՝ ասաց Ռուբինյանը։
Նիստին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի վերջում Քրիստինե Վարդանյանն ասաց. «Այս պետությունը չի կարող լինել երշիկի ու հարկ տալու մասի։ Այս պետությունը հայկական պետության մասին կարող է լինել՝ այդ ինքնության պաշտպանման ու զարգացման մասին։ Ինչքան էլ ուզեք ձեր երշիկ-կալբասային կոնցեպտով թաքցնել «Արևմտյան Ադրբեջանը», դա ձեզ մոտ չի ստացվելու»։