top of page

Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում խաղաղության պայմանագիր կկնքե՞ն

  • Writer: 24timeam
    24timeam
  • 4 hours ago
  • 1 min read

Մայիսի 9-ին Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ Վերլուծաբանները չեն բացառում, որ քանի որ Մոսկվայում ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հնարավոր է, որ Ալիևն ու Փաշինյանը խաղաղության պայմանագիր կնքեն։ 

Որքանո՞վ է հավանական նման սցենարը. MediaHub-ը զրուցեց կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանի հետ։ 

«Չեմ կարծում, որ այդ օրը որևէ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ադրբեջանի համար իմաստ չունի խաղաղության պայմանագիր ստորագրելը, Բաքուն շարունակում է իր քաղաքական ճնշումը, շարունակում է ուժի կիրառման սպառնալիքը, իմ կարծիքով, Բաքվին խաղաղության պայմանագիր պետք չի»,- նշեց Իգիթյանը: 

Հարցին, թե հնարավո՞ր է կողմերն ընտրեն Մոսկվան բանակցությունների համար, կովկասագետը պատասխանեց. «Այո, միանշանակ, մենք արդեն ունեցել ենք ռուսական հարթակներում բանակցություններ՝ թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների օրոք, և չենք կարող բացառել նման հավանականություն: Բայց չեմ կարծում, որ լուրջ փաստաթուղթ կստորագրվի, գուցե տեխնիկական փաստաթուղթ ստորագրվի, ինչպես 2020թ-ից հետո ստորագրվել է 3 անգամ ՌԴ-ի միջնորդությամբ, բայց, կրկնում եմ, ոչ լուրջ փաստաթուղթ»:

Ինչ վերաբերում է եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը, Իգիթյանը կարծիք հայտնեց, որ Պուտինի հետ հանդիպումը շատ հավանական է, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք քննարկելու կարիք ունեն։ Եվ բացի դա, «այն նույն կողմը, որը ստեղծել է այդ խնդիրները՝ ներկայիս իշխանությունը, այժմ փորձում է ինչ-որ չափով կարգավորել դրանք»։

Մարիաննա Արամյան

bottom of page