Մենք ո՛չ տուն ենք պահանջում, ո՛չ տան վարձ, վերադարձրեք մեր հայրենիքը, ապահովեք մեր անվտանգ վերադարձը

«Հայաստանի իշխանությունը հետևողական աշխատանք է իրականացնում արցախցիների կյանքն ավելի բարդացնելու համար։ Ապրիլի 1-ից հազարավոր ընտանիքներ կզրկվեն աջակցությունից։ Ես դեմ չեմ, թող ընդհանրապես չտան, բայց գոնե ապահովեն բնակարանների հարցը։ Մեր 5 հոգանոց ընտանիքի սոցիալական վիճակի օրինակով ասեմ․ ապրում ենք երկսենյականոց բնակարանում, որի դիմաց վճարում ենք 200 հազար դրամ։ Ձմեռային սեզոնին տանտերը վարձը իջեցրել է 20 հազար դրամով, մարտի 1-ից նորից 200 ենք վճարում։ Ես ու ամուսինս աշխատում ենք, տան ընդհանուր եկամուտը կազմում է 350 հազար դրամ։ Եթե աջակցությունից զրկվենք, ապա 150 հազար դրամ եկամտով չի կարող մեր 5 հոգանոց ընտանիքը գոյատևել, որից միայն ամուսնուս մոր դեղերը ամսական կազմում է 20-25 հազար դրամ»,-MediaHub-ին պատմում է Արցախի Մարտունուց տեղահանված Անի Բաբայանը, պնդելով, որ կառավարությունն առաջին անգամը չէ, որ այսպիսով բարդացնում է տեղահանվածների կյանքը՝ թղթաբանական խնդիրներից մինչև բնակապահովման ձախողված ծրագրեր։
«Այդ մարդը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, մատը մատին չտվեց, երբ մենք գոյության կռիվ էինք տալիս պաշարման մեջ, ձեռքերը լվացրեց քաշվեց մի կողմ ու հեռադիտակով սկսեց հետևել, թե ինչպես են կոտորում մի տարածաշրջանի ժողովրդի, որոնք ուղղակի հայ են։ Հիմա, երբ արդեն մեկ ու կես տարի է Հայաստանում ենք, ինչ խնդիրների ասես, որ չենք հանդիպել, սոցիալականից մինչև հոգեբանական»,-ասում է Անին, ապա ավելացնում, որ ապրիլի 1-ից մտահոգությունների մեծ ալիք է բարձրանալու արցախցիների շրջանում։Շատերը գուցեև վերստին կբռնեն գաղթի ճանապարհը, քանի որ աշխատավարձերը մասնավոր հատվածում ցածր են, բնակվարձերը՝ անմարդկային բարձր։
Խնդրին այսօր անդրադարձել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա, մասնավորապես, խնդրանքով է դիմել Հայաստանի կառավարությանը, որ շարունակեն ամսական տրամադրվող 40+10 աջակցության ծրագիրը։
«Խնդրում եմ փոփոխություն մտցնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրում և շարունակել 40+10 աջակցությունը, մինչև համապատասխան բնակտարածք ձեռք բերելը։ Սոցիալական ծրագիրը ինքնանպատակ չի լինում և միտված է ծանր հետևանքների վերացմանը։ Բայց մեզանից ոչ մեկը ո՜չ բնակարան է ձեռք բերել, ո՜չ էլ աշխատավարձի բարձրացում է ունեցել։ Խնդրանքս չբավարարելու դեպքում կարող են առաջանալ երկուստեք անցանկալի հետևանքներ»,- գրել է պատգամավորը։Եվ այս բողոքը համատարած է.
«Մեզ պետք չի 50 հազարները, մի ծածկ տան, որ վարձ չտանք… մեզ զրկել են ամեն ինչից, 0-ից ապրող մարդիկ ենք, այնքան դրած, ստեղծած ունեցվածքը իրենց պատճառով կորցրել ենք։ Մենք ո՛չ տուն ենք պահանջում, ո՛չ տան վարձ, վերադարձրեք մեր հայրենիքը, ապահովեք մեր անվտանգ վերադարձը։ Մի ստորագրությամբ մեզ դարձրել են փախստական ու տեր չեն կանգնում, ոչ մի հարց չեն լուծում, ի՞նչ անենք»,- MediaHub-ին ասաց Ստեփանակերտից տեղահանված Նաիրա Առստամյանը։
Հունան Թադևոսյան