Ադրբեջանն անցած գիշեր 4 անգամ կրшկել է Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են
- 24timeam
- 1 day ago
- 1 min read
Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար բնակավայրերի ուղղությամբ անցած գիշեր ադրբեջանական դիրքերից կրակել են 4 անգամ, խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ահաբեկել խաղաղ բնակչությանը։
Սահմանամերձ գյուղերում անհանգստությունները օրեցօր ավելի են մեծանում։
«Հաշվել եմ, ժամը 10-ի սահմաններում ավտոմատից կրակել են 16 անգամ, մի քանի րոպե հետո՝ 6 անգամ, ավելի ուշ՝ ժամը 11-ից հետո, 10 անգամ։ Դրանից հետո քնել եմ։ Իրենք ֆիքսված ժամ ունեն, կրակում են նաև ուշ գիշերին, խախտում մեր անդորրը։ Չգիտեմ՝ այդ ժամին կրակել են, թե՞ ոչ։ Եթե էս ամենը չկանխվի, կրակոցները շարունակվեն, գյուղը կդատարկվի։ Առանց այն էլ գնում են երիտասարդ ընտանիքները։ Ոչ ոք չի կարող նրանց մեղադրել, սահմանամերձ գյուղերում կյանքը վտանգավոր է դարձել»,- MediaHub-ին ասաց Խնածախ գյուղի մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը հայկական գյուղերը դատարկելն է, որն էլ ինչ որ տեղ հաջողվում է։
«Արոտավայրեր չկան, ցանքատարածքներ չկան, անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհնար։ Մարդ չի կարող միայն իր տնամերձ հողամասը մշակելով մի ամբողջ ընտանիք պահել։ Ադրբեջանցին, որ մեզանից հարյուրավոր կիլոմետր է եղել հեռու, հիմա արդեն մեր գյուղի վերևը նստած հետևում է մեր շարժին։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Ղարաբաղը հանձնելուց հետո այս վիճակում կհայտնվենք, կամ էլ գուցե կարժանանանք իրենց ճակատագրին»,- ասաց նա։
Սյունեցի մեր հայրենակիցներն ամեն օր արթնանում են խաղաղության ակնկալիքով, որն այդպես էլ տեղ չի հասնում։ Մարդիկ կորցրել են հավատը, թե խաղաղության պայմանագիր է կնքվելու։
«Չեմ կարծում, թե ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել, իսկ Փաշինյանի խոստացած հաշտության պայմանագիրն ընդամենը պատրվակ է՝ հաջորդ տարի ընտրություններում վերարտադրվելու համար։ Մենք խաղաղությունը զգալու ենք այն ժամանակ, երբ գյուղից Ադրբեջանի դրոշը չտեսնենք, գյուղի վրա չկրակեն, հանգիստ ապրենք։ Բայց դա չի լինելու, քանի դեռ Հայաստանի իշխանությունը մեկ բան է ասում, Ադրբեջանի իշխանությունը՝ հակառակ բան, արդյունքում տուժում ենք մենք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան