top of page

ԶՊՄԿ-Ի ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԾԵԾԿՌՏՈՒՔ ԵՆ ՍԱՐՔԵԼ, 8 ՀՈԳԻ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ԶՊՄԿ-ում 6 օր շարունակվող բողոքի ցույցերը վերածվել են մարտաֆիլմի։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ այսօր մի խումբ անձանց միջեւ բախում է եղել: Գործադուլ անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։ Հարձակվողների մեջ է նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը` Գոռ Բաբաջանյանը։ Կան տուժածներ:



Ներքին գործերի նախարարությունից մեր տեղեկությունը հաստատեցին։ «Տեղեկություններ է ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»,-ասաց մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 


Քաջարանի բնակիչներից մեկը, ով խնդրեց իր անունը չգրել, մեզ մանրամասներ պատմեց, թե ինչ է կատարվել։ «Գործադուլը կուրացիա անողների շարքում են Գոռ Բաբաջանյանը, նրա եղբայրները՝ Վահան Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը եւ Արթուր Բաբաջանյանը, ինչպես նաեւ նրանց թայֆայից այլ անձինք։ Խուլիգանների խումբն այսօր ծեծել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ովքեր մտահոգված են շարունակվող գործադուլով։ Տղերքը բարձրացել են գործադուլի վայր, փորձել են համոզել, որ դադարեցնեն գործադուլը, որ կոմբինատը շարունակի աշխատել, Գարիկ անունով մեկը, ով գողություն անելու պատճառով հեռացվել է կոմբինատից, տղերքին ասել է, թե` չի թողելու, որ կոմբինատը աշխատի։ Սադրել են, թե` դավայ եղեք։ Հետո զանգել են տղերքին, կանչել են։ Սրանք մի 20 հոգով, ավտոմատներն ու դանակները հանել են ու հարձակվել տղերքի վրա, կրակել են, դանակահարել»,-«Հրապարակ»-ին պատմեց սյունեցիներից մեկը։ 


Մեզ ներկայացրեցին նաեւ իրենց կասկածները, որ բողոքի ցույցերի հետեւում կանգնած են արեւմտամետ ուժեր, ովքեր ցանկանում են, այսպես ասած՝ «իշխանափոխություն անել ԶՊՄԿ-ում»` ազատվել ռուս ղեկավարությունից։ Այս խմբի մեջ է նաեւ «Ազգային Բեւեռի» անդամներից մեկը` Շավարշ Մարգարյանը, ում թմրանյութ բերելու համար մի քանի տարի առաջ սահմանի վրա բռնել են։ Ցույցերի կազմակերպման մեջ կասկածում են նաեւ ԶՊՄԿ խորհրդի անդամ, կառավարության ներկայացուցիչ ՔՊ-ական Նարեկ Բաբայանին։ 


Թվում է` իշխանությունը պետք է շահագրգռված լիներ, որ կոմբինատն աշխատի, քանի որ դրա 21 տոկոսի փայատերն ինքն է եւ կոմբինատն էլ խորոշ հարկատուների առաջին հորիզոնականներում է միշտ, բայց ոչ միայն որեւէ քայլ չի ձեռնարկում Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ ԶՊՄԿ-ի բնականոն աշխատանքը վերականգնելու համար, այլ իր ներկայացուցչին անգամ կասկածում են այդ սաբոտաժին աջակցելու մեջ։ Մյուս կողմից էլ Ադրբեջանն է թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերությունը, ասում է` ԶՊՄԿ-ն տվեք ինձ` ես կաշխատացնեմ: Սյունիքում կասկածներ ունեն, որ գուցե ԶՊՄԿ-ում շարունակվող գործադուլին ՀՀ կառավարությունն աջակցում է հենց Ալիեւի պահանջով: Որ ռուսները կոնսերվացնեն հանքի արդյունահանումը եւ կատարվի ադրբեջանցիների երազանքը:  


Նշենք, որ 75 տարվա իր գործունեության մեջ երկրորդ անգամ է կոմբինատը կանգնում։ Առաջին դեպքը եղել է 1990-ականների սկզբին՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Լուրեր են շրջանառվում, որ կոմբինատի ռուս սեփականատերերը հակված են անգամ հանքը կոնսերվացնել, բայց որոշել են գործադուլավորների շանտաժին չտրվել: Նրանց առաջարկել են վերսկսել աշխատանքը` հետագայում բոլոր հարցերը քննարկելու խոստմամբ:





bottom of page