top of page

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դատարաններից ահազանգեր ստանալ այն մասին, որ ոստիկանության ուղեկցող խմբերը չեն բերում կալանավորներին՝ պատճառաբանելով, թե կալանավորների թիվն այնքան է շատացել, որ ոստիկանների ուղեկցող խմբերը չունեն այդքան աշխատակից, որ կարողանա ապահովել բոլոր կալանավորների ուղեկցումը։ ՆԳ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը, համակարգում կադրային ջարդից բացի, դեռ իրավիճակային հանգուցալուծման ուղղությամբ էական քայլեր չի ձեռնարկել և նախկինում ինչ խնդիրներ կային շարունակում են պահպանվել ու խորանալ:

Ի դեպ, առաջիկայում լրանում են այս գործով կալանավորված անձանց խափանման միջոցի ժամկետները, և, ըստ էության, նախաքննական մարմինը կա՛մ պետք է դիմի կալանավորվածների ժամկետը երկարաձգելու հարցով, կա՛մ, միգուցե, նրանցից ոմանք հայտնվեն ազատության մեջ։

Եվ ստացվում է, որ աղմկահարույց դեպքից անցել է 8 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, բացահայտված չեն, իսկ կալանավորված կարևոր խմբի մասնակիցը ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ չկա ու չկա։

Եվ մինչ իրավապահները 8 ամիս է նրանց են փնտրում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը 36 կգ ոսկին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից. թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքներին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, և ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան»:

Մանրամասները՝ թերթի համարում:

1/1892
bottom of page