Ուկրաինան մերժել է Օրբանի՝ hրադադար սահմանելու առաջարկը
Կիևը լսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ հրադադար սահմանելու առաջարկը, սակայն կարծում է, որ նման նախաձեռնությունները չեն կարող քննարկվել խնդրի կարգավորման այլ ասպեկտներից զատ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Նա (Օրբանը - խմբ․) ներկայացրել է իր տեսակետը: Սա առաջին երկիրը չէ, որ խոսում է իրադարձությունների զարգացման նման հնարավոր տարբերակների մասին։ Նախագահը լսել է զրուցակցին, սակայն ի պատասխան ներկայացրել է իր դիրքորոշումը»,- նշել է Ժովկվան՝ ընդգծելով, որ Ուկրաինայի դիրքորոշումը բավականին հստակ է, հասկանալի և հայտնի, քանի որ «նման գործընթացները (հրադադարը- խմբ․) չեն կարող առանձին քննարկվել»։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը ենթադրում է խնդրի կարգավորման լուծում փնտրել Կիևի նախաձեռնած, այսպես կոչված, խաղաղության գագաթնաժողովների միջոցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։