top of page

Ապշած էի ԱՄՆ թռիչքի ծախսերից, ամբողջովին կփոխհատուցեմ ինքնուրույն. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ իր թռիչքի ծախսերը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց Ավինյանը:

«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը  և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝  անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և,  եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ:

Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն: Կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասաց նա:

Ավինյանը խնդրեց նաև դուրս բերել՝ որ կետից են հաստատել, որ պետք է մեկնեն, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն չի եղել:

«Ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր» արվեց ինձ։

Ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին»,- հայտարարեց նա:

 Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։

bottom of page