top of page

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿԱ, ԲԱՅՑ ԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԽԱԽՏԵԼ

Մարդիկ հարց են տալիս, թե ինչու Ադրբեջանը համաձայնեցրեց խաղաղության պայմանագիրը, եթե այն չէր ստորագրելու: Փաշինյանը եւս խուճապի մեջ է, պատրաստ է ամեն պահ ստորագրել պայմանագիրը, բայց պայմանագրի ստորագրման համար առնվազն երկրորդ կողմ է պետք, նա ինքն իր հետ խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրել: Իհարկե, կարող է վերցնել տեքստն ու իր ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, բայց դրանով այն պայմանագիր չի դառնա` իրավական ուժ չի ունենա: Նույնիսկ քարոզչական նշանակություն չի ունենա, հակառակը՝ կընդգծի Փաշինյանի ողորմելիությունը: Ալիեւը հերթական անգամ խաբել է նրան՝ դնելով չափազանց հիմար վիճակի մեջ:

Խաղաղության պայմանագրի կետերից մեկը Հայաստանի կողմից միջազգային դատարաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարումն էր: Ադրբեջանում հասկանում էին, թե ինչ ծանր ֆինանսական հետեւանքներ կարող են առաջացնել այդ հայցերը`100 հազարից ավելի մարդ զրկվել է իր ունեցվածքից, տուն, հողամաս, կոմերցիոն շինություններ, բիզնես: Կորուստները ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների են, որոնց փոխհատուցման համար Ադրբեջանի մի քանի տարվա բյուջեն չէր հերիքի: Բացի այն, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների կորուստներ կունենար, միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ կայացված վճիռներն էականորեն կազդեին Ալիեւի վարկանիշի վրա: Հիմա ինքը հաղթած, աշխարհին խաղի իր կանոնները թելադրող սուպերհերոս է, իսկ եթե միջազգային դատարանները սկսեին բավարարել Հայաստանի հայցերը, եւ Ադրբեջանը ստիպված լիներ դրանք փոխհատուցել, ստացվելու էր, որ Ալիեւի հաղթանակն Ադրբեջանին արժենում է միլիարդավոր դոլարներ:



Ադրբեջանը կարող էր հակընդդեմ հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ, ինչպես իրենք էին պնդում, պահանջեին, որ Հայաստանը վճարեր, այսպես կոչված, 30-ամյա օկուպացիայի ժամանակ Ադրբեջանին պատճառված վնասների համար: Բայց փաստն այն է, որ միջազգային հանրությունը Հայաստանին չէր ճանաչում ագրեսոր երկիր: Հետեւաբար, Հայաստանը չի կարող պատասխանատվություն կրել Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների համար: Եթե Արցախի քաղաքացիները Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, ինչպես պնդում են Ադրբեջանի իշխանությունները, նրանք են պատասխանատու այդ տարածքում տեղի ունեցածի համար: Ալիեւի իշխանությունն էլ չի կարող իր կողմից իրականացված շրջափակման միջոցով ֆիզիկական եւ հոգեբանական կտտանքների, ապա ցեղասպանության ենթարկված, իսկ մնացած մասին բռնությամբ գաղթի մղած քաղաքացիների դեմ հայցեր ներկայացնել եւ նրանցից ինչ-որ փոխհատուցում պահանջել: Առավելագույնը, ինչը կարող է անել Ալիեւի իշխանությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի դատարանում դատելն է, ինչն էլ անում է: Բայց նրանցից ո՛չ ֆինանսական փոխհատուցում է հնարավոր պահանջել, ո՛չ էլ նրանց միջոցով Հայաստանին դարձնել 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատու, որքան էլ որ նրանք հայտարարեն, որ գործել են Հայաստանի հրահանգով:


Ալիեւը Փաշինյանին փաստացի խոստացել էր, որ եթե Հայաստանը հրաժարվի միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից, ապա Ադրբեջանը կհամաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվող թղթի կտորի տակ: Փաշինյանին դա պետք է ոչ թե Հայաստանում խաղաղություն հաստատելու կամ պատերազմի վտանգը չեզոքացնելու, այլ ընդամենը սեփական իշխանությունը պահելու համար: Փաշինյանին թվում է, որ եթե ինքն անգամ ամենաստորացուցիչ պայմաններով պայմանագիրը ստորագրի, ապա կարող է ստանալ հայ հանրության ինչ-որ հատվածի աջակցությունը՝ այն հատվածի, որը պատրաստ է ներել Հայաստանի ցանկացած կորուստ, ստորացում եւ նվաստացում՝ հանուն անվտանգության խաբկանքի, հանուն առանց պատերազմի խաղաղ ապրելու հեռանկարի: Բայց նույնիսկ այս հարցում Փաշինյանը հայտնվեց հիմար վիճակում:


Համաձայնելով Ադրբեջանի պահանջների հետ, Փաշինյանն աշխատանքից ազատեց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին եւ, ըստ էության, լուծարեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը: Արդեն 15 օր է՝ Կիրակոսյանն ազատված է աշխատանքից, ինչը նշանակում է, որ միջազգային ատյաններում Հայաստանի շահերը ներկայացնող չկա: Ի՞նչ է ստացել դրա դիմաց Հայաստանը՝ ոչինչ էլ չի ստացել: Փաշինյանը հասկանում է, որ ինքը հերթական անգամ խաբվել եւ հիմարացվել է, բայց լուծում չունի: Չի կարող, չէ՞, Եղիշե Կիրակոսյանին նորից աշխատանքի ընդունել, դա կլինի խաղաղության պայմանագրի կետի խախտում: Պայմանագիրը չկա, բայց այն հնարավոր է խախտել. մի՞թե ավելի մեծ զավեշտ կարելի էր մտածել:


ՀԳ. Փաշինյանն անընդհատ փորձում է հասկանալ, թե ինչու է հայ մարդն իրեն տարանջատում սեփական պետությունից: Երեկ էլ նա մի այսպիսի հայտարարություն է արել․ «Մենք անկախություն ստանալով, մեր պետությանը վերաբերվում ենք նույն դիստանցիայով, այսինքն՝ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց պետությունը ոնց որ թե մեզ այդքան հարազատ չի, ինչքան մեր հայրենիքը»։ Հայաստանի քաղաքացին պետությունն իրենն է համարում, բայց քանի որ Փաշինյանը եւ նրա կառավարությունն են այսօր հանդես գալիս Հայաստանի պետության անունից, ներկայացնում այդ պետությունը եւ իրենց գործունեությամբ Հայաստանը դրել են ողորմելի մուրացկանի կարգավիճակում, հայ մարդը հոգեբանորեն ուզում է տարանջատվել Փաշինյանից ու նրա կառավարությունից՝ փորձելով այդկերպ մասնակից չլինել հայ պետականության ստորացմանը, չստանձնել դրա պատասխանատվությունը: Հայ մարդն իր պահվածքով փորձում է հասկացնել, որ Հայաստան պետությունն այն չէ, ինչ իրենից ներկայացնում են Փաշինյանը եւ իր մի խումբ իշխանավորները:





1/2028
bottom of page