«Քվեարկեց ու թռավ, որ Ավինյանն ու ՔՊ-ն ևս մեկ տարով հաստատեն «կարմիր գծերը» 160 հազար դարձնելու որոշումը»․ Վահե Մակարյան
Ինչպես հայտնի է առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քաղաքապետարանի՝ կարմիր գծերի դրույքաչափերը թանկացնելու նախորդ տարվա որոշումը։ Անկախ այս հանգամանքից Երևանի ավագանու իշխող խմբակցությունն այսօր քննարկման դրեց նույն հարցը:
Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվեարկեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած, այժմ ավագանու անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ քվորում չէր ապահովվի, եթե այս մեկ ձեռնպահը չլիներ:
Նշենք նաև, որ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին կարմիր գծերի թանկացումը վերահաստատող նախագիծը՝ հիմնավորելով՝ դատարանն է իր որոշմամբ փաստել, որ որոշումն իրավաչափ չէ, իսկ «Կենտրոնն այդպես էլ չբեռնաթափվեց»:
Տեղում աշխատող լրագրող Վահե Մակարյանը թելեգրամյան իր ալիքում հրապարակել է Գրիգոր Հարությունյանի լուսանկարն ու գրել․ «Այ սա էր իբր անկախ էն ավագանու անդամը, որը իբր շփոթմամբ քվեարկեց ու թռավ, որ Ավինյանն ու ՔՊ-ն ևս մեկ տարով հաստատեն «կարմիր գծերը» 160 հազար դարձնելու որոշումը:
Եթե ինքը չմասնակցեր քվեարկությանը, նախագիծը չէր ընդունվի, և եկող տարի 160-ի փոխարեն 12 հազար դրամ կվճարեինք: Ճանաչեք ազգի «հերոսներին»»: