ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ԱՏՈՂ ԱՆՁՆ, ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ, ԴԱՏԱԽԱԶ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Պարզվում է՝ նախկինների դեմ աղմկահարույց գործերով հայտնի արդեն նախկին մեղադրող դատախազ Շիրազ Գրիգորյանը, որը աչքի է ընկել «նախկինների» հանդեպ իր ատելությամբ, իրավունք չուներ դատախազ նշանակվել եւ երկար տարիներ պաշտոնավարել է օրենքի խախտմամբ, իսկ փետրվարի 25-ին էլ նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործության վարչության պետ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «դատախազ չի կարող նշանակվել այն անձը, որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով»։
33-ամյա Գրիգորյանը 2013 թ․-ից իրավապահ համակարգում է, աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի կարգավիճակում, ավագ քննիչի պաշտոնում էլ կատարել է պետական ծառայության դեմ ուղղված կոռուպցիոն հանացավոր արարքը՝ նախատեսված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2016 թ․ ապրիլի 1-ին նա դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին այն մասին, որ գիտակցել է իր կողմից կատարված արարքը, զղջացել է դրա համար և խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ քրեական գործով դատախազի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս ազատելով քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով։ Այսինքն՝ դատախազին ուղղված դիմումով գիտակցել է իր կողմից կատարված արարքը՝ Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայական պարտականությունները չկատարելը, զղջացել է դրա համար և ազատվել քրեական պատասխանատվությունից։ 2020թ Գրիգորյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից և նշանակվել դատախազ: Գուցե դերակատարում է ունեցել նաեւ այն, որ գլխավոր դատախազության հաշվապահը իր մայրն է` տիկին Սուսաննան:
Ի դեպ, Շիրազ Գրիգորյանն է եղել Գագիկ Ծառուկյանի փեսաների, Ռուբեն Հայրապետյանի եւ այլ նախկինների գործերով մեղադրող դատախազը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների պնդմամբ՝ նույնիսկ եթե պաշտոնի համար դիմող անձը թաքցնում է կենսագրական տվյալներ, դատախազությունը, ԱԱԾ-ն ունեն հատուկ գործիքներ, որոնցով շատ արագ կարող են պարզել այդ ամենը։ Եւ այստեղ ոչ այնքան Գրիգորյանի մեղքն է, որքան դատախազության մեղավորությունը, որ աչք է փակել օրենքի խախտման վրա:
Թեեւ պարզ է, որ պաշտոնի նշանակվելուց առաջ նա՝ սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկ է լրանրել եւ թաքցրել իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու հանգամանքը: Այսինքն՝ անձը, որը նախկինում չարաշահել է իր պաշտոնական դիրքը, զղջացել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, այժմ նշանակվել է վարչության պետի պաշտոնին եւ քննելու ու ղեկավարելու է իր ենթակայությամբ աշխատող քննիչիներին։
Հ․Գ Շիրազ Գրիգորյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ մեզ ուղղորդելով լրատվականի կողմը։