top of page

Ջրծաղիկի պատվաստանյութը դարձել է ոչ պիտանի․ ինչո՞ւ ԱՆ-ն մինչ օրս չի սկսում պատվաստումները

Ջրծաղիկի պատվաստանյութի խմբաքանակը հանձնվել է Հայաստանին, սակայն այն դեռ ընդունված չէ, պատվաստանյութը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու:

Ահա այսպես պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մի քանի օր առաջ իր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվեցին նրանից, թե ի՞նչ եղավ ջրծաղիկի պատվաստանյութը, որի մասին դեռ երկու տարի առաջ էր ասվել, որ 2024 թվականից կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ։  

«Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական  փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում:  Վստահ եմ, որ փետրվարից մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»,- մանրամասնեց Ավանեսյանը՝ հավելելով, որ 2025 թվականի խմբաքանակի գնման գործընթացը ևս իրականացված է:

Իսկ ի՞նչ է կատարվել իրականում և ինչո՞ւ մինչ օրս Հայաստան ներկրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութը նախարարությունը չի ընդունել։

MediaHub-ի տեղեկություններով՝ այդ պատվաստանյութը, որի համար պետք է վճարվի կամ գուցե արդեն վճարվել է շուրջ 800 հազար եվրո, նոյեմբեր ամսից Հայաստանում է՝ պահեստում, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով ԱՆ-ն այն չի ընդունում։ Մեզ ասացին՝ ներկրող ընկերությունը պատվաստանյութի պահման պայմանները չի պահպանել, այլ կերպ ասած՝ սառցե շղթան խախտվել է, և պատվաստանյութը դարձել է ոչ պիտանի։ Եւ դա է պատճառը, որ մի քանի ամիս է՝ նախարարությունը չի ընդունում այդ պատվաստանյութն ու չի մտցնում այն կիրառման մեջ։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը MediaHub-ի հարցին, թե ո՞րն է խնդիրը, որ պատվաստանյութը մինչ օրս չի ընդունվել նախարարության կողմից և արդյո՞ք սառցե շղթան չպահպանելու հետևանքով այն դարձել է ոչ պիտանի, ասաց․ «Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման գործընթացը չենք սկսի»:

Ինչ վերաբերում է գումարին, ապա նախարարության մամուլի պատասխանատուն վստահեցրեց․ «Քանի դեռ պատվաստանյութը չենք ընդունել, դրա դիմաց որևէ վճարում կատարված չէ»։

Վահե Մակարյան

1/1923
bottom of page